Apple կորպորացիան պատրաստվում է մինչեւ 2024 թվականը թողարկել ինքնակառավարվող մարդատար ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Աղբյուրի տվյալներով՝ ընկերությունն իր սեփական ավտոմեքենայի մշակմամբ սկսել էր զբաղվել դեռ 2014-ին` Titan նախագծի շրջանակներում: Այս ընթացքում ընկերությունը զգալի առաջընթաց է գրանցել եւ այժմ մտադիր է ավտոմեքենա ստեղծել իր հաճախորդների համար։
Գործակալության զրուցակիցները նշում են, որ Apple-ն այժմ կենտրոնացել է իր սեփական կոնստրուկցիայով մարտկոցի մշակման վրա, որն իրենից սնուցման մեկ բջիջով խոշոր մարտկոց է ներկայացնում, որն արտադրության մեջ պետք է ավելի էժան եւ ավելի էներգատար լինի` լայնորեն օգտագործվող սնուցման մի քանի բջիջներով մարտկոցների համեմատ:
Աղբյուրները նշում են, որ համաճարակի պատճառով Apple-ը կարող է հետաձգել իր մեքենաների մասսայական արտադրության մեկնարկը առնվազն մինչեւ 2025 թվականը: