Տեսանյութերը, որտեղ Սյունիքի տարածքում երևում են ադրբեջանցի զինվորականններ, իրական են և նկարահանվել են այսօր առավոտ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով տեսանյութերին, որոնցում երևում են ադրբեջանցի զինվորականներ։
«Ճանապարհի երկայնքով տարբեր տեղերում տեղակայվում են ադրբեջանցի զինվորականներ։ Նրանք և՛ Որոտան գյուղ, և՛ Շուռնուխ տանող ճանապարհների վրա են։ Մեր գլխավոր մայրուղին է, որն ԻԻՀ-ն կապում է ՀՀ-ին»,-նշել է Հովսեփյանը։
Հարցին՝ ինչո՞ւ են ադրբեջանցի զինվորականները ազատորեն հայտնվել այդ տարածքում, Հովսեփյանն արձագանքել է, թե այդ հարցերը պետք է ուղղել իշխանությանը։
Խոսքը քանի՞ ադրբեջանցի զինվորականի մասին է, Հովսեփյանն ասել է, թե ճանապարհի տարբեր հատվածներով տարբեր թվաքանակով տեղակայված են։
«Իշխանությունների կարծիքով՝ դա Սյունիքի մարզը չէ։ Դա երևի ուրիշ տեղ է։ Իրենք ասում են՝ Սյունիքից մի միլիմետր չեն տալիս, բայց եթե թուրքը հայտնվում է այդ ճանապարհին, նշանակում է՝ իշխանությունների տրամաբանությամբ՝ դա Սյունիքը չէ։ Իսկ մենք համոզված ենք, որ դա Սյունիքն է, մեր պապական հեղերն են»,-ասել է նա։
Իսկ քաղաքացիների անվտանգությունն ինչպե՞ս է ապահովվում, Հովսեփյանը կրկնել է՝ այդ հարցերին իշխանությունը պետք է պատասխանի, թե ինչպես է անվտանգությունն ապահովելու։
Այն հարցին էլ, թե քաղաքացիների տրամադրվածությունն ինչպիսի՞ն է, ինչպե՞ս են նրանք տեղաշարժվելու այդ ճանապարհով, համայնքապետի տեղակալն արձագանքել է․ «Քացաքացիների տրամադրվածությունը շատ վատ է, կասկածի տակ է դրվում Սյունիքի ապագան»։
Հարցին, թե համայնքապետարանն ինչ-որ բան կարո՞ղ է ձեռնարկել, Հովսեփյանն արձագանքել է՝ պայքարում են այդ ամենի դեմ 24 ժամ 7 օր։ Ճշտող հարցին էլ՝ իշխանություններից ինչ արձագանք կա, Հովսեփյանն արձագանքեց՝ դեռևս ադեկվատ արձագանք չկա․ «Անընդհատ նույն բարբաջն ենք լսում, որ Սյունիքի մարզից 1 միլիմետր չենք տալիս, իրենց համար Սյունիքի մարզը երևի այլ աշխարհագրական դիրք ունի»,-ասել է Մենուա Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով և Գորիս-Դավիթ Բեկ, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահները, շփման գծի համապատասխան կողմերում կտեղակայվեն հայ և ադրբեջանցի սահմանապահները:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել ուղերձով, որում մասնավորապես նշել էր, որ Սյունիքից ոչ մի միլիմետր չի զիջվել: