կարևոր
670 դիտում, 4 ամիս առաջ --> 2020-12-19 09:32

Փաշինյանը փորձում է երկարաձգել իր պաշտոնավարումը և աներևակայելի հույսեր է փայփայում․ «Փաստ»

Փաշինյանը փորձում է երկարաձգել իր պաշտոնավարումը և աներևակայելի հույսեր է փայփայում․ «Փաստ»

«Արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո հայաստանյան հասարակությունը շատ ծանր բարոյահոգեբանական վիճակում է։ Միևնույն ժամանակ, հանրության շրջանում ավելի են արմատավորվում այն տրամադրությունները, որ պարտված և երկիրն այս իրավիճակին հասցրած իշխանությունները պետք է հեռանան։ Իսկ ներքաղաքական հարթության վրա հասարակական, քաղաքական դաշտի, մտավորականության, գիտակրթական աշխարհի, հոգևոր դասի գերակշիռ մասը առաջ է քաշում Փաշինյանի հրաժարականի պահանջը, որից հետո նախատեսվում է օրակարգ բերել ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը այս անցումային փուլն անցկացնելու և ավելորդ ներքաղաքական սրացումներից խուսափելու համար։ Եթե առավել խոր դիտարկենք, ապա ինչ-որ իմաստով ներկայիս փուլում ընտրությունների անցկացումը անգամ ձեռնտու կլիներ ընդդիմությանը, քանի որ իշխանությունների վարկանիշն իրենց ապաշնորհության պատճառով օրեցօր հողին է հավասարվում, որը հնարավորություններ է բացում, որպեսզի ապագա խորհրդարանում ներկայիս ընդդիմադիր ուժերը կարողանան մեծամասնություն ձևավորել։

Բայց, ինչպես տեսնում ենք, ընդդիմությունը հապշտապ ընտրությունների ճանապարհը չի ընտրել։ Խնդիրն այն է, որ ներկայիս էմոցիոնալ և հուզական իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացումը չի բխում երկրի ու պետության շահերից։ Հապշտապ անցկացված ընտրությունները ոչ միայն հանրային իրական տրամադրությունները չեն արտացոլի, ինչի վառ վկայությունն էին 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրությունները, այլև այս պառակտված իրավիճակում դրանց անցկացումը կարող է մեծացնել ներքաղաքական լարվածության՝ ընդհուպ ընդհարումների հավանականությունը։ Իսկ յուրաքանչյուր ներքաղաքական ցնցում կարող է լինել հակառակորդի օգտին, բայց սա չի նշանակում, որ ժողովրդին պարտության առաջնորդած և իրենց ապաշնորհությամբ աչքի ընկած իշխանությունները պետք է շարունակեն պաշտոնավարել։ Իսկ ինչ դիրքորոշում ունեն իշխանությունները։ Քիչ չէ, որ նրանք կապիտուլյացիայի են ենթարկել մեր հայրենիքը, չեն տիրապետում իրավիճակին և չեն կարողանում համարժեք արձագանք տալ ազգային անվտանգության համար ստեղծված սպառնալիքներին, դեռ մի բան էլ փորձում են հնարավորինս երկարաձգել իրենց իշխանությունը։

Ըստ այդմ, Փաշինյանը հանրությանը տարբեր թեզերով մանիպուլացնելու հնարքներ է բանեցնում, թե իր հեռանալու հանրային պահանջ չկա, եթե այն լիներ, ապա ընդդիմությունը անպայման կպնդեր արտահերթ ընտրությունների անցկացման վրա։ Այս համատեքստում նա ընդգծում է, թե միայն ժողովուրդը պետք է որոշի, թե ով կարող է լինել իշխանություն։ Ընդ որում, Փաշինյանը մի կողմից՝ խոսք է բացում արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, իսկ մյուս կողմից՝ խոսում է իր ներկայացրած վեցամսյա ճանապարհային քարտեզում արտացոլված դրույթների իրականացման անրհաժեշտության մասին։ Բայց եթե ինքը կողմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, ապա ինչպես է ստացվում, որ իր ներկայացրած ճանապարհային քարտեզում դրա մասին որևէ խոսք չկա։ Այնպես է ստացվում, որ իշխանություններն ուղղակի շահարկում են արտահերթ ընտրությունների թեման։ Դրա մասին է նաև վկայում այն, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել այն ժամանակ, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր կլինի և երբ իշխանությունները դրան պատրաստ կլինեն:

 

Իսկ թե մոտավոր ե՞րբ հնարավոր կլինի ընտրությունների անցկացումը, Ալեն Սիմոնյանը չի պարզաբանում։ Իսկ ի՞նչ է նշանակում տեխնիկապես և ֆիզիկապես պատրաստ լինելը։ Միգուցե իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը հույս ունեն, որ կկարողանան ժամանակ ձգել, ամրապնդել իրենց իշխանությունը տեղերում, ինչ-որ հրաշքով, «մեդիատեռորներով», մանիպուլյացիաներով փրկել իրենց զրոյական վարկանիշը կամ ծայրահեղ դեպքում պարզապես գնալ ընտրությունների և կեղծել դրանց արդյունքները։ Այս բոլոր տարբերակներն էլ իշխանություններն իրենց աչքի առաջ ունեն։ Այնուամենայնիվ, Փաշինյանի փայփայած երազանքները շատ արագ կարող են շրջվել իր դեմ, քանի որ ժամանակն աշխատում է ոչ իր օգտին։

Երկրում համատարած դժգոհությունների խորացումը ինչ-որ մի պահի արդեն անհնար է դարձնելու ոչ միայն վերջինիս պաշտոնավարումը, այլև ընդհանրապես «մարդամեջ» դուրս գալը, չնայած այդ առումով հիմա էլ նա լուրջ խնդիրներ ունի, ինչի մասին են վկայում նրա թաքնվելը մի քանի շարք ոստիկանական պատնեշի հետևում և տանից աշխատավայր երթուղին մեծաքանակ թիկնազորով ու հնարավոր-անհնար ճանապարհները փակելով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: