կարևոր
1580 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-18 20:10

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավարևելյան սահմանագոտու նոր բնագծեր

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավարևելյան սահմանագոտու նոր բնագծեր

ՀՀ պաշտպանության նախարարը դեկտեմբերի 18-ին այցելել է ՀՀ հարավարևելյան սահմանագոտի: Վաղարշակ Հարությունյանը հետևել է նոր բնագծերում իրականացվող մարտական հերթապահության ընթացքին, զրուցել հրամանատարների և զինծառայողների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարար Հարությունյանը, մասնավորապես, այցելել է նաև այն տարածքներ, որտեղ հայ և ադրբեջանցի դիրքապահների միջև հեռավորությունը, որոշ դեպքերում, ընդամենը 100 մետր է կազմում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել նոր ստեղծվող և կահավորվող դիրքերի կենցաղային պայմաններին, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի  համար նախատեսված խրամատային ենթակառուցվածքներին: Հարավային զորամիավորման հրամանատարը նախարար Հարությունյանին զեկուցել է, որ նոր ստեղծվող դիրքերում արդեն իսկ սկսվել են կահավորման աշխատանքները, մասնավորապես՝ եղանակային անբարենպաստ պայմաններում մարտական հերթապահությունը լիարժեք իրականացնելու համար: 

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանը նշել է, որ աշխատանքների ծավալները հետզհետե ավելանում են և առավել ինտենսիվ կդառնան հատկապես գարնանային ամիսներին:

Զորամիավորման անձնակազմի հետ հանդիպման ընթացքում Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել պատերազմին մասնակցած զինծառայողներին, պարգևատրել աչքի ընկած սպաներին և ժամկետայիններին: Նախարարը նշել է, որ պաշտպանական գերատեսչությունը ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ առաջնագիծը ծառայության համար առավելագույնս անվտանգ դարձնելու և անհրաժեշտ կենցաղային պայմաններ ստեղծելու համար: 

ՀՀ պաշտպանության նախարարը նաև հանձնարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին՝ թիկունքային ապահովման, հենակետերի կառուցման և մարտական հերթապահության կրման վերաբերյալ: