Այսօր՝ ժամը 18:30-ին Գարեգին Նժդեհի հրապարակից կմեկնարկի ջահերով երթ դեպի Եռաբլուր՝ մեր հերոսների հիշատակը ոգեկոչելու: Այս մասին նախօրեին կայացած Արժանապատվության երթի ավարտին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Շաբաթ օրը 15:00-ին Հայրենիքի փրկության շարժումը հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում, այնուհետ Երևանի սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կմատուցվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր բոլոր նահատակների, մեր բոլոր հերոսների:
Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Արժանապատվության հերթական երթը մեկնարկել էր Թումոյի այգուց։ «Իմ Արցախ, իմ հող ու ջուր, իմ Հայաստան» երգի ներքո՝ եռագույներով, «Հայրենիքը փրկողը հենց դու ես» գրությամբ մեծ ցուցապաստառով, «Հայաստան, Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան» բացականչություններով ու վանկարկումներով քաղաքացիները քայլեցին Երևանի թաղամասերով մինչև Ֆրանսիայի հրապարակ։