Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 19:10-ի սահմաններում Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Chrysler 300 մակնիշի և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել է նաև Գյումրու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը:
Փաստի առթիվ Ն. Գասպարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: