կարևոր
305 դիտում, 6 ամիս առաջ - 2020-12-17 18:54

Առանց Նիկոլ Հայաստան. Արժանապատվության երթի շարքերն ամեն օր լայնանում են. Գեղամ Մանուկյան

Առանց Նիկոլ Հայաստան. Արժանապատվության երթի շարքերն ամեն օր լայնանում են. Գեղամ Մանուկյան

Այսօր դեկտեմբերի 17-ին, մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Արժանապատվության հերթական երթը՝ Թումոյի այգուց։ Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի հեղինակած «Իմ Արցախ, իմ հող ու ջուր, իմ Հայաստան» երգի ներքո՝ եռագույներով, «Հայրենիքը փրկողը հենց դու ես» գրությամբ մեծ ցուցապաստառով, «Հայաստան, Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան» բացականչություններով ու վանկարկումներով քաղաքացիները սկսեցին իրենց երթը ուղղություն վերցնելով դեպի կենտրոն։

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ այս պայքարը հանուն հայրենիքի է, հանուն մեր երկրի է, հանուն արժանապատվության։

«Ձեզանից շատերը հարազատներ ու ազգականներ ունեն Կապանում, Գորիսում, Զանգեզուրում, Մեղրիում։ Հենց այսօր Նիկոլ Փաշինյանը գողանում է նրանց անվտանգությունը։ Հրավիրում է, թուրքին գրկաբաց ընդունում է Գորիսի, Ղափանի մատույցներում, և դրա համար է, որ մենք ողջ ժողովրդի անունից ասում ենք՝ առանց Նիկոլ Հայաստան»,- հայտարարեց Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանը դիմեց պատուհաններից երթին հետևող աջափնյակցիներին, ասաց, Փաշինյանն այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ վաղը Կապանը կրակի տակ է լինելու։ Նա կոչ արեց բազմոցին նստած ու ուղիղ եթերում պայքարի ընթացքին հետևողներին դուրս գալ փողոց, միանալ իրենց։

Արծվիկ Մինասյանն էլ երթի ընթացքում հայտարարեց. «Նիկոլ Փաշինյանն ու իր ոհմակը ոչ միայն տվեցին Արցախը, ոչ միայն զիջեցին մեր հայրենի հողը, ոչ միայն զոհեց մեր հինգ հազար հայորդիներին, հաշմանդամ դարձրեց հազարավոր մարդկանց, տնազուրկ դարձրեց հարյուր հազարավոր ընտանիքների, այսօր արդեն նաև Սյունքիի սահմանային դիրքերն է հանձնում։

Պատմությունը փաստել է՝ անձը, որը դավաճան է, երբեք չի խոստովանում դրա մասին և երբեք չի ցանկանա լքել աթոռը։ Շատ կարևոր է, որ բոլոր այն անձինք, որոնք իրավասու են այդ դավաճանի աթոռն իրենից վերցնելու, պետք է համախմբվեն և «Հայրենիքի փրկության շարժման» մաս դառնան։ Այս մասին Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» ընթացքում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

Երթի մասնակիցները Բաղրամյան պողոտայով քայլեցին են դեպի Ֆրանսիայի հրապարակ։