Դիանա Գալոյանին չեն հաստատել Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում: Նշանակման հարցն ընդգրկված էր կառավարության այսօրվա օրակարգում:
Գործադիրն արդեն տեւական ժամանակ է՝ չի հաստատում համալսարանում կայացած մրցույթի արդյունքները: Հաստատման հարցում կառավարության նիստին վերապահումներ է հայտնել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Նա հիշեցնել է, որ դատարանի կողմից ռեկտորի ընտրության արգելք էր սահմանվել:
Ի պատասան ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտարարել է, որ Դիանա Գալոյանին այդ պաշտոնում չհաստատելու որեւէ հիմք չկա: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը առաջարկել է, որ հարցը լրացուցիչ քննարկվի կարճ ժամկետում, որից հետո դրական ելքի դեպքում, կհաստատվի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին տեղի էր ունեցել Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին դիմել էին երկու հավակնորդ՝ Դիանա Գալոյանը եւ Տիգրան Մարտիրոսյանը: Փակ գաղտնի քվեարկությանբ ձայների գերակշիռ մասը կողմ էին քվեարկել Գալոյանի թեկնածությանը: