կարևոր
7744 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-17 12:22

Զինվորականությանը հրամայվել է՝ ուրբաթ մինչեւ ժամը 17։00 նահանջել Կապանի եւ հարակից բնակավայրերի անվտանգությունն ապահովող դիրքերից

Զինվորականությանը հրամայվել է՝ ուրբաթ մինչեւ ժամը 17։00 նահանջել Կապանի եւ հարակից բնակավայրերի անվտանգությունն ապահովող դիրքերից

Սյունեցիները փակել են Կապանի մատույցներում միջպետական ճանապարհը եւ բողոքում են իշխանությունների գործողությունների արդյունքում մարզի, Կապանի անվտանգությանն աններելի հարված հասցնելու դեմ։

Հայտնի է դարձել, որ արդեն զինվորականությանը հրամայվել է, ուրբաթ մինչեւ ժամը 17։00 նահանջել Կապանի եւ հարակից բնակավայրերի անվտանգությունն ապահովող դիրքերից, որտեղ մինչեւ հիմա հերթապահում էին կամավորական ջոկատները։ Նման նահանջի արդյունքում վտանգվելու է Կապանի օդանավակայանը, թշնամու տիրապետության տակ է հայտնվելու Գորիս-Կապան ճանապարհը, ուղիղ նշանառության տակ են հայտնվելու Սյունիքի խոշոր քաղաքներն ու այլ բնակավայրեր։

Նիկոլ Փաշինյանը նախօրեին «Ազատության» ռադիոկայանին տված հարցազրույցում հաստատել էր տեղեկությունը, որ նախատեսվում է նման նահանջ ճակատի ողջ երկայնքով։ Հիմնական պատճառաբանությունը, թե իբր այդ տարածքները չեն եղել Խորհրդային Հայաստանի տարածքում։

Սյունեցիներն էլ հակադարձում են, որ երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունում այս սահմանային հատվածի մասին ոչինչ նշված չի եղել, այլ ամրագրվել է, որ զորքերը մնալու են ստորագրման պահին իրենց զբաղեցրած դիրքերում։

Ի դեպ, Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում իրականացվող ամրաշինական, մարտական հենակետերի կառուցման աշխատանքներին, ինչպես նաեւ հետեւելու մարտական հերթապահության ընթացքին: