12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հայփոստը Հայաստանի մարզերում սկսում է պիլոտային նոր ծրագիր Ալֆա-Ֆարմ ընկերության հետ: Առայժմ ծրագիրը կներառի տարբեր մարզերի 10 գյուղեր: Այս մասին հայտնում են «Հայփոստ» ընկերությունից:
«Գյուղում՝ ինչպես քաղաքում» կարգախոսի ներքո ամռանը մեկնարկած Հայփոստի՝ զարգացման նորընդգրկուն ծրագրի շրջանակներում, նախատեսվում է գյուղական համայնքներում ավելի հասանելի դարձնել ինչպես պետական, ֆինանսական, բանկային, այնպես էլ կոմերցիոն մի շարք ծառայություններ:
Նոր նախաձեռնությամբ, գյուղերի բնակիչները կարող են դեղեր պատվիրել և երեք օրվա ընթացքում ստանալ իրենց փոստային բաժանմունքներում: Նույնիսկ ամենահեռավոր մարզերի բնակիչները կարող են պատվիրել բոլոր դեղերը, որոնք առկա են Երևանում:
Էական է, որ Հայփոստում պատվիրված դեղերի գինը նույնն է լինելու, ինչ Երևանում: Առաջիկայում ծրագիրը կտարածվի ողջ Հայաստանում և կկիրառվի բոլոր գյուղական բնակավայրերում:
«Այս նախաձեռնությունը բավական լուրջ սոցիալական խնդիր է լուծում մարզերի Գյուղական վայրերի բնակիչների համար: Երբեմն որոշ դեղորայք չի լինում նույնիսկ մարզկենտրոնի դեղատներում, երբեմն հնարավոր չէ ամենապարզ դեղերն անգամ ձեռք բերել, որովհետև տվյալ գյուղում չկա դեղատուն: Այժմ խնդիրը կլուծվի ընդամենը Հայփոստի բաժանմունք այցելելով և պատվիրելով անհրաժեշտ դեղորդայքը: Ի դեպ շատ շուտով Հայաստանում, Հայփոստի միջոցով հնարավոր կլինի դեղեր պատվիրել արտասահմանից, նույնիսկ բավական դժվար գտնվող և թանկարժեք դեղեր»,- նշում է Հայփոստի տնօրեն Հայկ Կարապետյանը: