«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հաստատել է, որ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ ի պաշտոնե ապահովել է Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ օպերատիվ կապը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա, ըստ էության, հաստատել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի պնդումը, որ Դուբայում Վանեցյանի հետ հանդիպել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան:
Վանեցյանը, սակայն, այլ մանրամասներ չի հայտնել՝ արդյոք իրեն այդ պաշտոնյան ծրար փոխանցե՞լ է, թե՞ ոչ, կամ ի՞նչ է եղել այդ ծրարի մեջ. «Ես հստակ չեմ պատասխանելու, որովհետեւ կոռեկտ չեմ համարում ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացված տեղեկությունները հրապարակայնացնել։ Ես կորոշեմ՝ երբ, ինչ ծավալով եւ ինչ պայմաններում հրապարակայնացնել այն տվյալները, որոնք ինձ հայտնի են դարձել առհասարակ», - ասել է Վանեցյանը։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանի պնդմամբ 2018 թվականին Դուբայում Ադրբեջանի Հատուկ ծառայության ղեկավարը Արթուր Վանեցյանի միջոցով Նիկոլ Փաշինյանին ծրարով փոխանցել է Արցախի 7 շրջանները 5 մլրդ դոլարի դիմաց հանձնելու առաջարկը: Մինասյանը նաեւ առաջարկել էր Վանեցյանին հաստատել կամ հերքել իր պնդումը: