կարևոր
495 դիտում, 5 ամիս առաջ - 2020-12-15 21:00

Արա Այվազյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 4-րդ նախարարական հանդիպմանը

Արա Այվազյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 4-րդ նախարարական հանդիպմանը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 4-րդ հանդիպումը՝ առցանց ձևաչափով: Հանդիպմանը, որը նախագահում էր Պերուն, մասնակցում էին Հայաստանի, Պերուի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի և Իրաքի ներկայացուցիչները: Լիիրավ անդամի կարգավիճակով հանդիպմանն առաջին անգամ մասնակցում էր նաև Մեքսիկայի ներկայացուցիչը:

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց ֆորումի դերը՝ որպես պատմական հարուստ ժառանգություն ունեցող ազգերին և ժողովուրդներին համընդհանուր արժեքների շուրջ միավորող հարթակ: Նախարարը, մասնավորապես նշեց. «Այսօր շատ կարևոր է խաղաղության մշակույթի առաջմղումը` դիմակայելու համար աճող ագրեսիային և բռնությանը, որին ականատես ենք լինում ամբողջ աշխարհում: Խաղաղության մշակույթը կարող է խարսխված լինել միայն միջազգային ամուր համագործակցության վրա, և, այս առումով, Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը կարևոր հարթակ է, քանի որ այն միավորում է հնավուրց մշակութային արժեքներ կրող ու հսկայական նյութական և ոչ նյութական ժառանգություն ունեցող երկրների»:
 

Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը մշակութային համագործակցության և երկխոսության հարթակ է, որի նպատակն է նպաստել մշակութային արժեքների պաշտպանությանը և պահպանմանն ուղղված համագործակցությանը:

Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի առաջին հանդիպումը կայացել է 2017թ. ապրիլի 23-24-ին Աթենքում, որտեղ ստորագրվել է ՀՔՖ-ի հիմնադրման վերաբերյալ Աթենքի Հռչակագիրը: Որպես հիմնադիր-անդամներ` ֆորումին մասնակցում էին Բոլիվիան, Եգիպտոսը, Հունաստանը, Իրաքը, Իրանը, Իտալիան, Չինաստանը և Պերուն, ինչպես նաև Հնդկաստանն ու Մեքսիկան` դիտորդի կարգավիճակով: Հայաստանը Ֆորումին միացել է 2018թ.:

Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նպատակներն են, ի թիվս այլոց՝

խթանել հաղորդակցությունը մասնակից պետությունների միջև մշակութային փոխանակումների և հարակից բոլոր ոլորտներում համագործակցության միջոցով,

երկխոսություն և խորհրդատվություններ անցկացնել համապատասխան միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է ՅՈւՆԵՍԿՕ-ն՝ մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող կարևորագույն հարցերի շուրջ համակարգված դիրքորոշման հասնելու նպատակով,

ջանքերը համադրել մշակույթը որպես ժամանակակից դիվանագիտության արդյունավետ գործիք օգտագործելու նպատակով: