Մեր պապերը հայրենիքի կարոտը իրենց հայացքներում հեռացան աշխարհից, որպեսզի երբեք որևէ հայ այլևս չկորցնի հայրենիքը, որպեսզի մենք, ձեզ հետ միասին, վերատիրանանք մեր հողին։ Եվ այսօր, երբ դավաճանական գործողությունների հետևանքով մենք կորցրել ենք հայրենք, հող և այդ գործողությունների հետևանքով ունենք 5 հազարից ավելի զոհեր, տասնյակ հազարից ավելի վիրավորներ, երբ այդ դավաճանական գործողությունների հետևանքով կոտրվել է հայի ողնաշարը, ձեզանից որևէ մեկը իրավունք չունի պաշտպանելու դավաճան Նիկոլ Փաշինյանին: Այսօր՝ Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնած երթի ժամանակ Արծվիկ Մինասյանը կոչով դիմեց քաղաքացիներին։
Նա նշեց, որ այդ մարդիկ իրավունք չունեն դավաճանելու իրենց պապերին, մոռանալու մեր անցյալը, պատեհապաշտ Նիկոլ Փաշինյանին արդարացնելու։
«Դուք իրավունք չունեք ազգի դավաճանի դեմ պայքարողներին մեղադրելու, դուք պետք է լինեք այս շարժման մեջ, այս շարժման կողքին, որպեսզի կարողանանք մեր պապերի երազանքը ի կատար ածել։ Հետևաբար, դիմում եմ ձեզ՝ սասունցինե՛ր, մշեցինե՛ր, ալաշկերտցինե՛ր, էրզրումցինե՛ր, տարոնցինե՛ր, բոլորդ, բոլորդ կանգնեք հայրենիքի փրկության կողքին, ոչ թե դավաճան, ազգակործան, ոչ թե հայրենադավ, մեր նահատակների արյունը մսխող դավաճանների կողքին»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ այսօր մայրաքաղաքի Սասունցի Դավթի հրապարակից մեկնարկեց «Արժանապատվության երթը»: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող, «Հայրենիքը փրկողը դու ես» պաստառով, «Առանց Նիկոլ Հայաստան» կոչերով բազմահազարանոց երթի մասնակիցները Տիգրան մեծի պողոտայով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունեցան Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, Արթուր Վանեցյանը և Իշխան Սաղաթելյանը: