862 դիտում, 2020.12.15 19:47

Եթե Նիկոլը չհեռանա պաշտոնից, ապա մենք պաշտոնը կհեռացնենք նրանից. Իշխան Սաղաթելյան

Եթե Նիկոլը չհեռանա պաշտոնից, ապա մենք պաշտոնը կհեռացնենք նրանից. Իշխան Սաղաթելյան

Բոլորիդ վստահեցնում եմ, որ Նիկոլ Փաշինյանին մնացել են հաշված օրեր։ Եթե Նիկոլը չհեռանա իր պաշտոնից, ապա մենք պաշտոնը կհեռացնենք նրանից։ Այս մասին այսօր՝ անհնազանդության հերթական երթի ժամանակ, հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Այսօր մայրաքաղաքի Սասունցի Դավթի հրապարակից մեկնարկեց «Արժանապատվության երթը»: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող, «Հայրենիքը փրկողը դու ես» պաստառով, «Առանց Նիկոլ Հայաստան» կոչերով բազմահազարանոց երթի մասնակիցները Տիգրան մեծի պողոտայով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունեցան Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, Արթուր Վանեցյանը և Իշխան Սաղաթելյանը: 

«Այսօր բազմաթիվ քաղաքացիներ, հաղթահարելով իրենց սուգը, անձնական ողբերգությունը, դուրս են եկել պայքարի՝ հանուն Հայաստանի ապագայի և հայրենիքի փրկության: Մենք միասին պետք է հեռացնենք այս դավաճան իշխանությանը, որպեսզի կառուցենք մեր երազանքների Հայաստանը: Հայ մարդը, հայ զինվորը, հայ սպան այս պատերազմում չի պարտվել, հայ ժողովուրդը չի պարտվել, պարտվել է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է նրան հեռացնենք և շարժվենք առաջ», - ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը: : 

«Քանի այս ազգադավ դավաճանը գտնվում է վարչապետի աթոռին, մեր պետականության մեջքը ուղղել հնարավոր չէ, մեր գլխավոր նպատակը երկրի կառուցումն է, իսկ գլխավոր խոչընդոտ Նիկոլ Փաշինյանի հեռացումը՝ խիստ անհրաժեշտություն է»,-ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ եթե Փաշինյանը չհեռանա պաշտոնից, ապա պաշտոնը կհեռացնեն նրանից: 

Վաղը ժամը 5-ին, Գրիգոր Լուսավորիչ փողոցից, Կրկեսի հրապարակից շարունակում ենք մեր երթը,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Երթը կանգ է առնելու դատախազության առջեւ, ոստիկանության առջեւ, ԱԱԾ-ի առջեւ. «Դատախազության առջեւ մենք կոչ ենք անելու, որպեսզի հարուցված քրեական գործի շրջանակներում դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրվի Նիկոլ Փաշինյանին եւ նրան ձերբակալել: Մենք երթ ունենք նաեւ հինգշաբթի, իսկ շաբաթ օրը հանրահավաք եւ սգո երթ ունենք: Մենք առաջիկա օրերին վերջնականապես հասնելու ենք մեր նպատակին, դրանում ոչ մեկը թող չկասկածի»,-ասաց Սաղաթելյանը: