կարևոր
1572 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-15 17:42

Այդ հարցերի պատասխանները կարող եք գտնել՝ ևս մեկ անգամ ուշադիր վերընթերցելով իմ հրաժարականի դիմումը. Արթուր Վանեցյան

Այդ հարցերի պատասխանները կարող եք գտնել՝ ևս մեկ անգամ ուշադիր վերընթերցելով իմ հրաժարականի դիմումը. Արթուր Վանեցյան

Հրապարակ-ի հետ զրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձել է Միքայել Մինասյանի հնչեցրած հարցերին: Նա մասնավորապես նշել է, որ 2018թ. հեղափոխությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հաստատվել է օպերատիվ կապ: «Այո՝ մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնում իմ պաշտոնավարման ավարտը այդ կապն իրականացվել է իմ և ևս մեկ պաշտոնյայի միջոցով, ով մինչ օրս պաշտոնավարում է»,- ասել է Վանեցյանը:

Ներկայացնում ենք Հրապարակի հետ հարցազրույցն ամբողջությամբ.

ՀՐ-Պարոն Վանեցյան, վերջին օրերին շատ է խոսվում ստեղծված իրավիճակի, Նիկոլ Փաշինյանի և 5 միլիարդ դոլարով Արցախը ծախելու մասին, ի՞նչ կարող եք ասել այս թեմայի շուրջ: 

Ա.Վ-Ընդամենը հուշեմ,  Ձեր հարցի, ինչպես նաև ստեղծված աղետալի իրավիճակի հետ կապված մի շարք այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել՝ ևս մեկ անգամ ուշադիր վերընթերցելով իմ հրաժարականի դիմումը: Այս պահին մեկ բան ակնհայտ է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճան է և պետք է անհապաղ հեռանա: Դա բխում է Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի շահերից, սա ասում եմ ոչ թե որպես միայն ՀՀ քաղաքացի, այլ որպես ԱԱԾ նախկին ղեկավար:

ՀՐ-Այնուամենայնիվ, Ձեր և Ադրբեջանի ներկայացուցչի միջև Դուբայ քաղաքում, ինչպես նշել է Միքայել Մինասյանը, հանդիպում եղե՞լ է, թե՞ ոչ, և ի՞նչ եք քննարկել այդ հանդիպմանը:

Ա.Վ-Թե ես, թե Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել ենք, որ 2018թ. հեղափոխությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հաստատվել է օպերատիվ կապ, և այո՝ մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնում իմ պաշտոնավարման ավարտը այդ կապն իրականացվել է իմ և ևս մեկ պաշտոնյայի միջոցով, ով մինչ օրս պաշտոնավարում է: Օպերատիվ կապի շրջանակներում ես պարբերաբար հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։ Այդ շփումների արդյունքում բազմիցս տարաբնույթ տեղեկություններ եմ ստացել և փոխանցել Նիկոլ Փաշինյանին, իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները:  

Ինչ վերաբերում է հիշատակված հանդիպման կամ այդ ձևաչափով տեղի ունեցած բազմաթիվ այլ հանդիպումների բովանդակությանը, ապա հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ չեմ պատրաստվում  ծառայության բերումով ստացված տեղեկությունները հրապարակայնացնել: