Տնտեսությունը հիմա կատաստրոֆիկ վիճակում է՝ բյուջեի կատարում, ՀՆԱ-ի անկում և ներդրումների պակաս, կորցրել ենք հարյուր հազար հեկտար վարելահող, 15 հանք, և հասկանալի է, որ մենք չենք կարող դուրս գալ այս իրավիճակից առանց ներդրումների։ Այս մասին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Հասկանալի է, որ Հայաստանում ոչ մի նորմալ բիզնեսմեն ներդրում չի անի՝ անկայուն երկիր, պատերազմի վտանգ, կոմունիկացիաների խափանում և կարող է ներդրում անել միայն այն բիզնեսմենը, ով ազգությամբ հայ է, որը ներդրում է կատարում, ոչ թե այս պահին գումար վաստակելու, այլ հետագայի համար, բայց այդպիսի ներդրումները մեծ թիվ չեն կարող կազմել: Կա մոտեցում ներքին ներդրումների, բացի այդ, մեր դաշնակից պետություններից պետք է կարողանանք անտոկոս կամ փոքր տոկոսով վարկ և որոշ օգնություններ վերցնել, որովհետև հույս ունենալ, որ մենք կկարողանանք դուրս գալ այս վիճակից առանց օգնության, հնարավոր չէ, դրա համար պետք է իշխանություն, որ կկարողանա բանակցել նրանց հետ, իսկ ներկա կառավարությանն աշխարհում ոչ մեկ լուրջ չի վերաբերվում»,- նկատեց նա:
Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ ստրատեգիական շահերից ելնելով՝ կարող ենք սերտ համագործակցել Իրանի հետ, ինչպես նաև պետք է մտնել Թուրքիայի դեմ նախաձեռնված ալյանսի մեջ, քանի որ այդ դաշտում հսկայական քանակությամբ արաբական երկրներ կան, որոնց համար երբեմն քաղաքականությունն ավելի շատ նշանակություն ունի, քան եկամուտը, տոկոսը։