կարևոր
1223 դիտում, 11 ամիս առաջ - 2020-12-15 16:00

Իշխան Սաղաթելյանը ներկայացնում է Հայրենիքի փրկության շարժման առաջիկա գործողությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանի փողոցներում ծավալվում է մեր արժանապատվությունը վերականգնելու իրական պայքար։ Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, հաղթահարելով անձնական ցավը և պարտության կսկիծը, ոտքի են կանգնել հանուն ապագայի։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ժամ առ ժամ կորցնում է իր իշխանությունը, նրա կողքին են մնացել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նեղ շրջանակն ու որոշ սադրիչ խմբեր:

«Ուրեմն պահն է վճռականության, քանի որ հուսալքությունը կձգվի հավերժ, եթե պայքարն ուշանա: Ամեն ինչ հստակ է՝ կամ Նիկոլի կողքին եք, կամ՝ հայրենիքի»,- ասաց Սաղաթելյանը և հավելեց, որ շարունակելու են բողոքի, անհնազանդության ակցիաներն  այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը մնում է աթոռին:

Սաղաթելյանը ներկայացրեց «Հայրենիքի փրկության շարժման» առաջիկա գործողությունները. Ըստ այդմ՝ վաղը տեղի է ունենալու երթ՝ Կրկեսի հրապարակից, հինգշաբթի օրը կրկին երթ՝ Հալաբյան փողոցից, իսկ շաբաթ օրը, ժամը 15:00-ին հանրահավաք Ազատության հրապարակում, որին կհաջորդի երթ: