կարևոր
1816 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-15 11:14

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խնդրում է զգոնություն ցուցաբերել գերությունից վերադարձած անձանց վերաբերյալ հրապարակումներ անելիս

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խնդրում է զգոնություն ցուցաբերել գերությունից վերադարձած անձանց վերաբերյալ հրապարակումներ անելիս

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը լրատվամիջոցներին և քաղաքացիներին խնդրում է զգոնություն ցուցաբերել գերությունից վերադարձած անձանց վերաբերյալ հրապարակումներ անելիս, հաշվի առնել համացանցի առանձնահատկությունները և խուսափել նրանց անձնական տվյալների հրապարակումից:

«Ադրբեջանից գերեվարված մեր 44 տղաների վերադարձից մեկ ժամ անց արդեն համացանցում առկա է տեսանյութ, որում հնչում են նրանց անունները։ Գերեվարված մեր հայրենակիցների վերադարձի նկատմամբ հանրային մեծ սպասումը ակնհայտորեն հանգեցնելու է նրանց նկատմամբ հանրային ուշադրության մեծացման, ինչը զուգորդվում է և դեռ կարող է զուգորդվել նրանց անձնական տվյալների և անձնական կյանքի տվյալների հրապարակմամբ համացանցում ինչպես անհատ օգտատերերի, այնպես էլ լրատվամիջոցների կողմից։

Այս կապակցությամբ հարկ է հիշել, որ տեղեկությունը համացանցում մնում է հավերժ և հասանելի է անկախ տարածությունից, ուստի հետագայում այն կարող է միջամտել և բացասաբար անդրադառնալ գերությունից վերադարձած մեր հայրենակիցների ու նրանց հարազատների անձնական կյանքին, զրկել նրանց համացանցում մոռացված լինելու իրավունքից։