Ինչպես տեղեկացրել էինք դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է սկսել Հադրութի շրջանի երկու գյուղերի՝ Հին Թաղերի ու Խծաբերդի ուղղությամբ։ ՌԴ խաղաղապահներն արձանագրել էին, որ սա նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հրադադարի առաջին խախտումն է եղել։
Այնուհանդերձ, արդեն դեկտեմբերի 13-ին ռուսական կողմը հայտարարեց, որ ռուս խաղաղապահները իրավիճակը վերհսկում են, և Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը թարմացրեց Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ գործունեության քարտեզը: Ըստ ՌԴ ՊՆ հրապարակած քարտեզի՝ Խծաբերդն ու Հին Թաղերը խաղաղապահների վերահսկողությանն էին անցել:
Այսօր արդեն՝ դեկտեմբրի 14-ին, ՌԴ Պն հրապարակած քարտեզը վերադարձել է դեկտեմբերի 12-ի տեսքին՝ առանց հարավային տարածքների: Սա նշանակում է, որ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերն այժմ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չեն: Նշենք, որ սրանք այն երկու բնակավայրերն էին, որոնք Հադրութի շրջանից մնացել էին հայկական կողմի վերահսկողության տակ: