կարևոր
2314 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-14 21:56

Քիչ անց Երևանում վայրէջք կկատարի 40-ից ավել հայ գերիներին բերող օդանավը․ Արայիկ Հարությունյան

Քիչ անց Երևանում վայրէջք կկատարի 40-ից ավել հայ գերիներին բերող օդանավը․ Արայիկ Հարությունյան

Րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունայնը։

«Այս ծանր օրերին, երբ ահեղ պատերազմի հետևանքով ունեցած կորստի ցավից ու դառնությունից մեր ժողովուրդը փորձում է կրկին ուղղել իր մեջքը, երբեմն նաև լուսավոր կետեր են նշմարվում, որոնք մեզ ապրելու, նորից ամեն ինչ կառուցելու հույս ու հավատ են ներշնչում: Րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը: Նրանց կդիմավորեմ անձամբ՝ հարազատների հետ միասին: 

Անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, ողջ մնացած բոլոր զինծառայողներին ու քաղաքացիներին վերադարձնելը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում են մնալ մեր օրակարգի ամենահրատապ հումանիտար հարցերը»:

Նշենք, որ հայկական կողմն արդեն Ադրբեջանին է հանձնել Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին: Հարկ է նշել, որ նրանք ոչ թե պատերազմական գործողությունների արդյունքում գերեվարվածներ էին, այլ՝ մարդասպանության և մանկասպանության համար դատապարտված քրեական հանցագործներ և միջազգային որևէ փաստաթղթով ռազմագերի չեն: Նրանք ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էին համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:

Այս երկուսը հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։