կարևոր
2220 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-14 18:26

Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներն արդեն Ադրբեջանում են. Mediaport

Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներն արդեն Ադրբեջանում են.  Mediaport

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից գաղտնի բավարարեց Ալիևի հերթական պահանջը. Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներն արդեն Ադրբեջանում են։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը։

Ըստ ալիքի տեղեկությունների,  նրանց վերադարձը հնարավոր է դարձել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառման արդյունքում: 
Միաժամանակ հաղորդվում է, որ Գուլիևի և Ասկերովի հետ Ադրբեջան են վերադարձել նաև այլ գերիներ: Հայ գերիների վերադարձի մասին ոչ մի տվյալ այս պահին չկա:

Ի դեպ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հղում անելով ռուսական համապատասխան գերատեսչությանը, հայտնում է, որ Ադրբեջանն ու Հայաստանն այսօրվանից սկսել են գերիների եւ պատանդների փոխանակման գործընթացը։

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։ Նրանք ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էին համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:

Հատկանշական է, որ Ալիևն արդեն 6 տարի փորձում էր նրանց հետ վերադարձնել, հատուկ նրանց համար առաջարկել էր «բոլորը բոլորի դիմաց» մեխանիզմը, ինչը Հայաստանի նախորդ իշխանության կողմից մերժվել է այն հիմքով, որ այս երկուսը ռազմագերիներ չեն, այլ քրեական հանցագործներ, որոնք դատապարտվել են մարդասպանության և մանկասպանության համար։