կարևոր
371 դիտում, 4 ամիս առաջ --> 2020-12-14 17:32

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Հայաստան. կայացել են մի շարք հանդիպումներ

Դեկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ 

Հանդիպման առանցքում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հաստատված հրադադարին հաջորդած զարգացումները, արցախահայության իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցեր: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց հայկական կողմերի սկզբունքային դիրքորոշումը, որ արցախահայության իրավունքների ու շահերի հասցեագրումը պետք է տեղի ունենա նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացի շրջանակներում: Որպես հայկական կողմի առաջնահերթություն՝ Արա Այվազյանն ընդգծեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատումը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը և կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը:

Նախարար Այվազյանը համանախագահների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրեց Ադրբեջանի կողմից՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները խախտելու վարքագծի վրա: Նախարարի խոսքով՝ վերջինիս ակնհայտ դրսևորումն էին նախօրեին արցախա-ադրբեջանական շփման գծում սադրիչ գործողությունները, որոնք իրականացվել են համանախագահների` տարածաշրջան այցելելու օրերին:

Անդրադառնալով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարբեր մակարդակներով հնչեցվող հայտարարություններում  շարունակաբար արտացոլվող ատելության և հայատյաց խոսքին` նախարարը շեշտեց, որ դրանցով ևս մեկ անգամ ապացուցվում է Ադրբեջանի անկարողությունը՝ կառուցողաբար ներգրավվելու խաղաղ գործընթացին և հրաժարվելու ուժի և ուժի սպառնալիքի դիրքերից հանդես գալու քաղաքականությունից: 

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հարցերի շրջանակին:

Այնուհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին ընդունել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա անհրաժեշտ է համարել ՄԽ համանախագահության ձևաչափում բանակցությունների վերականգնումը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով: Վարչապետը որպես առաջնահերթություն ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կարևորությունը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը, կրոնական ու մշակութային ժառանգության պահպանումը:

Կառավարության ղեկավարը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը, ինչի դրսևորումն էին արցախա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 11-ին և 12-ին տեղի ունեցած սադրիչ գործողությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, բանակցային գործընթացի վերսկսմանը, արցախահայության իրավունքների վերականգնմանը և անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: