«Մեր այսօրվա հավաքն ունի ընդամենը մեկ նպատակ՝ պահանջում ենք, որ այս իշխանությունը հեռանա: Թուրքի հետ համաձայնության եկած իշխանությունը, թուրքի գրպանը մտած իշխանությունը չի՛ կարող ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը»,- Ապարան քաղաքի հրապարակում այսօր տեղի ունեցած բողոքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արագածոտնի մարզի բնակիչ, ՀՅԴ անդամ Ռուսլան Բարսեղյանը:
Հիշեցնենք՝ Ապարան քաղաքի հրապարակում այսօր տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի ընթացքում ապարանցիները պահանջել են Փաշինյանի իշխանության՝ ժամ առաջ հեռացումը և նոր, անցումային կառավարության ձևավորումը:
Թե ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանին դավաճան անվանում, Ռուսլան Բարսեղյանը նշեց․ «Երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության՝ խոսք տվեց, որ յուրաքանչյուր հարց կքննարկի իր ժողովրդի հետ, խոսք տվեց, որ Արցախն անառիկ կպահի, որ պետք է յուրաքանչյուր հայ որոշի Հայաստանի ճակատագիրը: Բայց մենք բոլորս տեսանք, որ Փաշինյանը գիշերով ստորագրեց այդ ամոթալի կապիտուլյացիոն հայտարարությունը՝ չհարցնելով ոչ մեկիս»:
Ըստ Ռուսլան Բարսեղյանի՝ այն մարդիկ, ովքեր համաձայն են Փաշինյանի հետ, ովքեր մինչ այսօր սատարում են նրան, նույնպես դավաճանել են Հայաստանի Հանրապետությանը, Արցախին:
Ռ. Բարսեղյանը հորդորեց Ապարանցիներին՝ չվիրավորել իրար, փոխարենը՝ լինել միասնական և հեռացնել այն իշխանությանը, որը վաճառեց Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, դավաճանեցին սփյուռքին ու ամբողջ հայությանը:
Ռուսլան Բարսեղյանին և ակցիայի մասնակիցներից ոմանց ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով բերման է ենթարկել: Yerkir.am-ի հետ զրույցում Ռուսլան Բարսեղյանը նշեց, որ իրենց ակցիան եղել է բացառապես խաղաղ բնույթի, և ճիշտ հակառակը՝ հենց իրենք են կոչ արել ապարանցիներին՝ չտրվել սադրանքների և հարգալից լինել միմիյանց հանդեպ:
«Այսքանից հետո՝ մեզ համար ցավալի է, որ ոստիկանությունը շարունակում է ծառայել ոչ թե օրենքին, այլ հլու հնազանդ կատարում է գահավիժող ռիժիմի ապօրինի հրահանգներն ու քհամաճույքները»,- ոստիկանության Ապարանի բաժնից Yerkir.am-ին փոխանցեց Բարսեղյանը:
Մանրամասներ՝ տեսանյութում.