կարևոր
411 դիտում, 6 ամիս առաջ - 2020-12-14 16:02

Մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը

Մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հաստատվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը, որի նպատակն է բացառաբար հումանիտար ծրագրերով հոգատարություն ցուցաբերել Արցախում ծանր կացության մեջ հայտնված ժողովրդին և պատերազմի հետևանքով արցախյան գյուղերից տարհանված և Հայաստանում ապաստանած ընտանիքներին։

Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի միջոցով իրականացվող ծրագրի աշխատանքները համակարգելու է ստեղծված հանձնախումբը՝ ատենապետությամբ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի։ Հանձնախմբի կազմում ընդգրկված են եկեղեցականներ և աշխարհականներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և բոլոր մայրցամաքներից։

Այս առիթով օրերս Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեսակապի միջոցով հանդիպում ունեցավ հանձնախմբի հետ։ Նորին Սրբությունը հայրական իր օրհնությունն ու գնահատանքը բերեց հանձնախմբի անդամներին, որ այս դժվարին ու ծանր օրերին ստանձնել են Մայր Աթոռի նախաձեռնած ծրագրի շրջանակներում իրենց օգտաշատ աջակցությունը բերել Արցախի հայորդիներին:

Հայոց Հովվապետն անդրադարձավ Հայաստանի ու Արցախի առջև ամենատարբեր ոլորտներում այսօր ծառացած լուրջ մարտահրավերներին՝ ընդգծելով, որ առկա պայմաններում Հայոց Եկեղեցին պետք է անի ամեն անհրաժեշտը՝ առավելագույնս աջակցություն մատուցելու մեր հայրենիքին ու ժողովրդին։ Այս առումով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց հանձնաժողովի առաքելությունը՝ հույս հայտնելով, որ նախատեսված գործունեությունը կստանա համազգային և համասփյուռքյան ընդգրկում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը, Հայոց Եկեղեցու թեմերի և ազգային հաստատությունների համագործակցությանն առնչվող հարցեր։