կարևոր
179 դիտում, 4 ամիս առաջ --> 2020-12-14 13:15

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Ստեփանակերտում ընդունեց Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ղեկավարին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Ստեփանակերտում ընդունեց Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ղեկավարին

Ֆրանսայի Սոցիալիստական կուսակցության պատվիրակությունը՝ գլխավորությամբ կուսակցության ղեկավար Օլիվիե Ֆորի, դեկտեմբերի 7-ին այցելեց Ստեփանակերտ: Պատվիրակության կազմում էին պատգամավոր Իզաբել Սանդիագոն, սենատորներ Ժիլբեր-Լյուք Տվինազը, Մարի-Արլեթ Քարլոթթին և կուսակցության միջազգային հարցերի պատասխանատու Ժան-Մարք Ժերմեն: Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՅԴ Ֆրանսիայի Հայ Դատի պատասխանատուն:

ՀՅԴ հանրայինկապերի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․

«Պատվիրակությունն այցելեց Ստեփանակերտի ՀՅԴ գրասենյակ եւ հանդիպում ունեցավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ:

Հանդիպումն անցավ կառուցողական և երկուստեք անկեղծ մթնոլորտում: Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի իր պաշտոնակցին, ով պատերազմից հետո եղավ ֆրանսիացի առաջին ղեկավարը, որ այցելեց Արցախ, ինչը լավագույն ապացույցն է արցախյան հիմնախնդրում սոցիալիստական կուսակցության լուրջ ու անկեղծ տրամադրության և հաստատակամության:

Օլիվիե Ֆորը պատվիրակության անունից ընդգծեց, որ իր կուսակցությունը հանձնառու է ամեն գնով աշխատել, որ Ֆրանսիայի կառավարությունը ճիգ չխնայի Արցախի բնակչության ապահովության բարելավման, ինչպես նաև՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման համար:

Երկու կուսակցությունների ղեկավարները շեշտեցին արցախյան հիմնախնդրի լուծումը բացառապես Մինսկի խմբի շրջանակում և  ընդգծեցին Ֆրանսիայի՝ իբրև համանախագահի, ավելի աշխույժ դերակատարության անհրաժեշտությունը, ինչպես նաև Ֆրանսիայի երաշխավորությունը՝ բնակչության անվտանգության և հայկական մշակութային կոթողների ու հարստության պահպանման գծով:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի Սենատին և Ազգային Ժողովին, որ զորավիգ կանգնեցին Արցախի անկախության ճանաչմանը և կառավարությունից պահանջեցին, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչի այն: Ի պատասխան, Օլիվիե Ֆորը հայտնեց, որ սոցիալիստական կուսակցությունն այս ուղղությամբ շարունակելու է լուրջ աշխատանք տանել, ինչի լավագույն ապացույցն է իրենց ընթացիկ պատմական այցելությունը Արցախ՝ հայ ժողովրդի համար այս դժվար ժամանակահատվածում:

Սոցիալիստական կուսակցությունն իր խորին մտահոգությունը հայտնեց նաև արցախյան հիմնախնդրում տարբեր հաշվարկներով առաջնորդվող նոր ուժերի ուղղակի միջամտության առթիվ, ինչն ավելի է բարդացնում խնդիրը:

Պատվիրակության անդամները դատապարտեցին նաև պատերազմի ընթացքում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ դրսևորված բռնությունը, որոնք մարդկային ծանր կորուստների պատճառ են դարձել: Ադրբեջանական կողմից ֆոսֆորային արգելված զենքերի օգտագործումը, պատերազմական միջազգային համաձայնագրերի պայմանները խախտող անօդաչու սարքերի օգտագործման եղանակը խիստ դատապարտելի համարող պատվիրակությունը վստահեցրեց, որ սրանք շոշափելի փաստեր են՝ ներկայացնելու համար միջազգային արդարադատությանը։ Համաձայնություն ձեռք բերվեց, որ երկու կողմերը գործնական աշխատանք  տանեն այս ուղղությամբ:

Հանդիպման ավարտին, ՀՅԴ-ն և Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցությունը համաձայնեցին իրենց արդեն իսկ գոյություն ունեցող երկարամյա սերտ հարաբերությունն ու գործակցությունը ներկա հանգրվանում առավել ամրապնդել ու խորացնել»: