27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է կորոնավիրուսի համավարակի կամ պատերազմական գործողությունների հետևանքով մահանալու փաստի առկայության դեպքում կրճատել ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրման ժամկետը: Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծը տեղադրվել է e-draft.am կայքում։
«Նախագծի ընդունումը պայմանավորված է երկրում ստեղծված համավարակային և պատերազմական գործողությունների հետևանքով մահացած անձանց ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգության բացման օրվանից ժառանգներին հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրելու անհրաժեշտությամբ։ Ներկայումս օրենսդրական կարգավորման համաձայն՝ ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո։
Նշված իրավակարգավորումը որոշ դեպքերում բացասական ազդեցություն է ունենում տնտեսավարող սուբյեկտների հետագա գործունեության վրա։
Մասնավորապես, եթե մահացած անձը հանդիսանում է իրավաբանական անձի միակ մասնակիցը կամ բաժնետերը և միաժամանակ նաև տվյալ իրավաբանական անձի տնօրենը, ապա համապատասխան բաժնեմասի, ինչպես նաև ժառանգատուի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների ժառանգության գործընթացը գործող օրենսդրական կարգավորումների համատեքստում կատարվում է ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո, ինչը գործնականում խոչընդոտներ է առաջացնում տվյալ ընկերության հետագա գործունեության համար»,- նշված է նախագծի մեջ:
Ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում հնարավոր կլինի ժառանգության բացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ ժառանգության իրավունքի վկայագիր, եթե ժառանգատուի մահը պայմանավորված է COVID-19 համավարակով կամ պատերազմական գործողություններով, որի արդյունքում տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կստանան շարունակել իրենց բնականոն գործունեությունը։