կարևոր
1145 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-14 12:43

Արցախի և Հայաստանի Հանրապետություններում եռօրյա սուգ կհայտարարվի դեկտեմբերի 19-ից

Արցախի և Հայաստանի Հանրապետություններում եռօրյա սուգ կհայտարարվի դեկտեմբերի 19-ից

Այսօր Արցախի Հանրապետության նախագահը և Հայաստանի վարչապետը հայտարարեցին, որ, հաշվի առնելով, որ դեկտեմբերի 19-ին լրանում է 44-օրյա պատերազմի զինադադարի 40-րդ օրը, Արցախի և Հայաստանի Հանրապետություններում այդ օրվանից հայտարարվելու է եռօրյա սուգ՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը:

«Նրանց անունները հավետ մնալու են մեր սրտերում և հայոց պատմության էջերում՝ պարտավորեցնելով մեզ հետագա երթում շարունակել նրանց հայրենանվեր գործը: Ուստի, այն լինելու է ցավի, հպարտության ու պարտավորության սուգ հայ ազգի համար»,-ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Միաժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, դեկտեմբերի 19-ից երկրում եռօրյա սուգ հայտարարելու մասին: Նրա խոսքով՝ նաև հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր:

«Այդ օրվա դրությամբ հնարավոր է մեր ոչ բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված կլինեն, կունենանք չճանաչված բազմաթիվ մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումը կարծում եմ այլևս չի կարելի հետաձգել: Նոր թափով պիտի տեղի ունենա զոհերի մարմինների փնտրտուքը եւ չճանաչված մարմինների ճանաչման գործընթացը, եւ ամեն ինչ արվում է այս գործընթացն օր առաջ ավարտելու համար, բայց, ցավոք, մինչեւ տարեվերջ չենք կարողանա այն լրիվ ավարտել»,-ասել է Փաշինյանը: