կարևոր
2187 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-14 00:24

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն արդեն 2 մեդալ է նվաճել

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն արդեն 2 մեդալ է նվաճել

Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության 72 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալի համար գոտեմարտեց Հունգարիայի ներկայացուցիչ Բալինտ Կորպաշիի հետ։ Եզրափակիչում Ամոյանը պարտվեց մրցակցին։ Գրանցվեց 1-1 հաշիվը։ Մալխաս Ամոյանը 72 կգ քաշային կարգում նվաճում է արծաթե մեդալ։

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն արդեն 2 մեդալ է նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Աշխարհի գավաթի խաղարկությունում։ Մրցումային երկրորդ օրը արծաթե մեդալ է նվաճել 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, իսկ 67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

Աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնությունների չեմպիոնը մինչև եզրափակիչ ոչ մի միավոր չի զիջել մրցակիցներին․ մեկնարկային գոտեմարտում Ամոյանը 6։0 հաշվով հաղթել է սերբ Ալեքսանդար Մաքսիմովիչին, քառորդ եզրափակչում 12։0 հաշվով առավելության է հասել մոլդովացի Վալենտին Պետիչի նկատմամբ, իսկ եզրափակչի ուղեգրի համար պայքարում 7։0 հաշվով պարտության է մատնել թուրք Չենգիզ Արսլանին։

Սլավիկ Գալստյանը երրորդ տեղի համար պայքարում կամային հաղթանակ է տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Արտուր Պոլիտաևի նկատմամբ։ Առաջին մրցափուլում Գալստյանը 0:4 հաշվով զիջել է, սակայն երկրորդում նախ 2 միավոր է վաստակել, ապա տուշեով ժամանակից շուտ ավարտել գոտեմարտը։

Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից՝ 7։0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Չիլիի ներկայացուցիչ Կրիստոբալ Նունյեսի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում վիճելի մրցավարական որոշումների արդյունքում Գալստյանը 4:7 հաշվով պարտվել է Ադրբեջանը ներկայացնող Իսլամբեկ Դադովին։ Վերջինս դուրս է եկել եզրափակիչ, ինչի արդյունքում հայ ըմբիշը պայքարը շարունակելու հնարավորություն է ստացել։ Նախքան Պոլիտաևի հետ մեդալային գոտեմարտը, Գալստյանը սփոփիչ գոտեմարտում 9:0 հաշվով հաղթել է պերուացի Նիլտոն Սոտոյին։

Այսօր բրոնզե մեդալի համար պայքարելու է նաև 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, որի մրցակիցը սերբ Վիկտոր Նեմեշն է։ 

82կգ քաշային Ռուբեն Ղարիբյանը պարտություն կրեց մեկնարկում: ​Ղարիբյանը 9-1 հաշվով զիջեց ռումինացի ըմբիշ Գեորգե Վլադ Մարիեին: 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը նույնպես պարտություն էր կրել մեկնարկային գոտեմարտում: