կարևոր
1925 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-13 16:55

Ամերիկայի հայկական համագումարը խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը

Ամերիկայի հայկական համագումարն այսօր տարածած հայտարարության մեջ խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը և Վաշինգտոնին կոչ է արել պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ:

«Նախօրեին, ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։

Սրան նախորդել էր Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարությունը, թե Հայաստանի մայրաքաղաք Երևանը, Սևանը և Սունիքի շրջանները Ադրբեջանի պատմական տարածքներն են: Հաջորդ օրը՝  դեկտեմբերի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքու այցի ընթացքում Ալիևը հրապարակայնորեն նվաստացուցիչ արտահայտություններ էր թույլ տվել:

Հրադադարի համաձայնագրի խախտումը և քրիստոնեական հայկական եկեղեցիների հետագա պղծումը Ալիևի և Էրդողանի ռեժիմների ցեղասպան մտադրությունների և անվստահության իսպառ բացակայության ևս մեկ վկայություն է», - նշված է ԱՀՀ-ի հայտարարության մեջ: 

ԱՀՀ- ն կոչ է անում դիմել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին, որպեսզի վերջիններս դատապարտեն ադրբեջանական հարձակումները, դադարեցնեն ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին և իրականացնեն Արցախին 250 միլիոն դոլար արժողությամբ շտապ մարդասիրալան օգնություն տրամադրելու ծրագրիը: