Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը ռազմական գործողությունների դադարից և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության մեկնարկից ի վեր առաջին անգամ խախտվել է, այս մասին վերահաստատել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմը շարունակում է իր առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ռուս խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում: Դեկտեմբերի 11-ին հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրվել Հադրութի շրջանում»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: