կարևոր
4331 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-11 19:29

Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը՝ ազատ արձակվելուց հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է գալիս հայտարարությամբ՝ ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվելուց հետո։

Ոստիկանությունը շարունակում է կատարել Գերագույն գլխավոր խեղկատակի հրահանգները, չի ապահովում քաղաքացիների խաղաղ քաղաքացիական անհնազանդություն անելու իրավունքը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Ոստիկանության բաժնից դուրս գալով լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Որեւէ մեկը մեզ չի կարող լռեցնել, քանի որ Հայաստանում ապրում են արժանապատիվ մարդիկ եւ թույլ չեն տալու, որպեսզի հայրենիքը թուրքի առաջ ծախած մարդը ղեկավարի մեր հայրենիքը։ Երեկ տեսաք, որ ադրբեջանական շքերթի ժամանակ հայտարարում են, որ դեռ պետք է գրավենք Սեւանը, Երեւանը եւ Զանգեզուրը, իսկ Նիկոլ Փաշինյանն իր մամուլի խոսնակի միջոցով պատասխանում է՝ խախտում եք պայմանավորվածությունը եւ դրանով տարածաշրջանում ակայունություն եք ստեղծում։ Ինքն առաջնորդվում է ջեբկիրի հոգեբանությամբ։ Ամեն առավոտ արթնանում ու մտածում է՝ ժողովրդին էսօր ինչ խաբի՝ իշխանությունը պահելու համար»,- նշեց նա։

Սաղաթելյանը նշեց, որ ամեն օր լինել են բողոքի խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, որի արդյունքում, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. «Ինքը չունի լեգիտիմություն, աջակցություն, իր շուրջ մնացել են մի քանի սադրիչներ։ Իր կուսակցության անդամները եւս տատանվում են։ Եվ իրեն հաշված օրեր են մնացել։ Եթե դա ինքը չգիտակցի եւ շարունակի կառչած մնալ իր աթոռին, մեր պետությունը վերջնականապես կտանի փլուզման»։

Նրան ոստիկանները բռնի ուժով, բերման էին ենթարկել դեկտեմբերի 11-ին՝ «Արժանապատվության երթի» ժամանակ՝ խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս։