կարևոր
1638 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-10 22:27

ԵՄ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը հետաձգել է մինչև մարտ ամիս

ԵՄ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը հետաձգել է մինչև մարտ ամիս

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցող ԵՄ գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության առաջնորդները մտադիր են քննարկել Թուրքիայի որոշ ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, սակայն ավելի կոշտ պատժամիջոցների հարցը հետաձգվելու է մինչև մարտ ամիս։ Այս մասին հայտնում է Reuters միջազգային լրատվական գործակալությունը։

Ըստ Reuters-ի` Եվրոպական երկրները, չնայած  հոկտեմբերին Թուրքիայի հասցեին հնչեցված սպառնալիքներին` կխուսափեն ավելի կոշտ տնտեսական պատժամիջոցներից և այդ հարցի քննարկումը կհետաձգեն մինչև մարտ ամիս։ԵՄ առաջնորդները կհամաձայնվեն պատժել այն անձանց, ովքեր մեղադրվում են Կիպրոսի ջրային տարածքում չարտոնված հորատման աշխատանքների պլանավորման կամ դրանց մասնակցելու մեջ:ԵՄ-ն հայտարարել է, որ ձգտելու է հնարավոր հետագա միջոցառումները համակարգել ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենի հետ, ով պաշտոնը ստանձնելու է հունվարին:

Թուրքիան ասում է, որ ինքը գործում է իր ջրային սահմաններում, կամ այն տարածքներում, որոնք պատկանում են կիպրոսցի թուրքերին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ իրեն չի անհանգստացնում դաշինքի կողմից հնարավոր պատժամիջոցները:

ԵՄ կողմից հնարավոր պատժամիջոցներն օրակարգ են մտել Միջերկրական ծովի արևելյան ավազանում՝ Հունաստանի կղզիներում և Կիպրոսի շրջակայքում պաշտոնական Անկարայի կողմից իրականացված էներգետիկ հետազոտություններից հետո: Զայրացած Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի արտաքին քաղաքականությունից՝ Ֆրանսիան սատարել է Հունաստանի կոչերին՝ խստացնել պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ: Եվրախորհրդարանն անցյալ ամիս կոչ էր արել պատժիչ միջոցներ ձեռնարկել: Աթենքը կոչ էր անում զենքի պաշտոնական էմբարգո մտցնել Թուրքիայի սակայն այս պահանջը չմտավ ԵՄ-ի օրակարգ։