կարևոր
350 դիտում, 4 ամիս առաջ --> 2020-12-10 13:25

Անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքները 6 ամիս ամսական 300 հազար դրամ կստանան

Անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքները 6 ամիս ամսական 300 հազար դրամ կստանան

Կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ այսօր գործող կարգավորումներով գոյություն ունի ժամկետ, երբ պետք է անհետ կորածի կարգավիճակը  հստակեցվի:

«Այս նախագծով առաջարկվում է մինչև այդ հստակեցումը առավելագույնը 6 ամիս ժամկետով ամենամսյա դրամական օգնություն տրամադրել՝ յուրաքանչյուր զինծառայողի հաշվով ամսական 300 000 դրամի չափով»,- ասել է նախարարը:

Սույն որոշման իմաստով անհայտ կորած են համարվում ռազմական գործողությունների հետևանքով հարազատների դիմումների հիման վրա պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում գրանցված անձինք, որոնց վերաբերյալ առկա չէ տեղեկատվություն, որ նրանց գտնվելու վայրն անհայտ է դարձել զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու արդյունքում։

Ամենամսյա դրամական օգնության տրամադրումն իրականացվում է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի միջոցով՝ հիմք ընդունելով ՊՆ-ից ստացված տվյալները:

Աջակցությունը տրամադրվելու է բյուջեի կողմից, այս պահին 500 մլն դրամի չափով, որից հետո՝ եռամսյա պարբերականությամբ՝ հիմք ընդունելով հիմնադրամի ներկայացրած հաշվետվությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ օրենսդրությունը պահանջում է, որ անհայտ կորածի կարգավիճակը պետք է հաստատվի դատարանով մեկ տարվա ընթացքում: «Հիմա առաջարկվում է, որ այդ ժամկետը կրճատվի և ավելի արագ տեղի ունենա այդ գործընթացը: Բայց քանի որ ինչքան էլ կրճատենք, այդ պրոցեսները մի քանի ամիս տևելու են, մենք որոշում ենք կայացրել, որ բյուջեից գումար կփոխանցվի Հիմնադրամին, որպեսզի Հիմնադրամը անհայտ կորածի կարգավիճակի հավանականություն ունեցող ընտանիքներին ամսական 300 հազար դրամ աջակցություն տրամադրի, մինչև նրանց կարգավիճակը կհստակեցվի: Եթե պարզվի, որ այդ անձինք շահառու են, ապա այդ գումարը կհաշվանցվի, իսկ եթե պարզվի, որ շահառու չեն, այդ գումարը կհամարվի անհատույց աջակցություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս որոշումը ներառում է նաև գերեվարված անձանց ընտանիքներին: