23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Ուկրաինայի մայրաքաղաքի հայկական խաչքարի մոտ դեկտեմբերի 9-ին առաջին անգամ կայացավ հուշ-ձեռնարկ՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան։ Այս օրը հռչակվել է ՄԱԿ-ի կողմից 2015 թվականին՝ Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է «AnalitikaUA.net-ը։
1948 թվականին, նույն օրը, իրավագետ Ռաֆայել Լեմկինի ջանքերով, որը նաև «ցեղասպանություն» եզրույթի հեղինակն է, ընդունվել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան:
Հուշ-ձեռնարկը տերունական աղոթքով բացել է Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։ «Ուկրաինահայության հոգևոր առաջնորդը խոսեց նաև դեկտեմբերի 9-ի խորհրդի, դրա՝ ամբողջ աշխարհի համար մեծ նշանակության մասին։
Այնուհետև ելույթով հանդես է եկել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով ներկայացրեց ՄԱԿ-ի Կոնվենցիայի ընդունման պատմությունը և նշանակությունը, որն արդիական է նաև Արցախի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի համատեքստում։
Դեսպանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության, 1988թ․ Սպիտակի երկրաշարժի և Արցախյան երկու պարերազմներում զոհված հայորդիների և հայ ժողովրդի բարեկամների հիշատակը։
Սրբազան Հայրն առաջարկել է, որպեսզի դեկտեմբերի 9-ի ձեռնարկները պարբերական դառնան։ Նա նաև շնորհակալություն է հայտնել գործարար Արայիկ Խաչատրյանին՝ չորս տարի առաջ Կիևի կենտրոնում գեղաքանդակ խաչքարը տեղադրելու համար։
Միջոցառմանը մասնակցել են Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, մի խումբ ուկրաինահայեր և ուկրաինացի բարեկամներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։