կարևոր
1813 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-09 13:44

Դեկտեմբերի 8-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ

Դեկտեմբերի 8-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։

ԱԳ նախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Նախարար Այվազյանը գոհունակություն է հայտնել հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ՝ ընդգծելով այն բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու և հարստացնելու պատրաստակամությունը:

Բանակցությունների առանցքում տարածաշրջանային կայունության և անվտանգության խնդիրներն էին: Օգտվելով առիթից՝ նախարար Այվազյանը բարձր է գնահատել Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած շրջանում խաղաղության հաստատման և հումանիտար իրավիճակի հասցեագրման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրված ջանքերը։

Նախարար Այվազյանը շեշտել է Արցախի դեմ պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների իրականացումը, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառմամբ, կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, որի նպատակն էր Արցախում ստեղծել հումանիտար աղետ և հասնել Արցախի լիարժեք հայաթափմանը:

Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրմանը՝ Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և նրանց իրավունքների պաշտպանության կարևորությունը: Նախարար Այվազյանը բարձր է գնահատել այս դժվարին ժամանակներում Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի աջակցությունը Արցախի ժողովրդին, որն արտահայտվել է նաև Արցախի ժողովրդին հումանիտար օգնության տրամադրմամբ: Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի խստագույն պահպանումը, Արցախի պատմամշակութային ժառանագության նկատմամբ հարգալից վերաբերմունքը, այդ թվում՝ տեղում միջազգային համապատասխան մարմինների ներգրավման միջոցով:

Տարածաշրջանային անվտանգության համատեքստում երկուստեք անհանգստացնող գնահատվել է Թուրքիայի ապակայունացնող դերակատարությունը ինչպես Արցախի դեմ ագրեսիայում ուղիղ ներգրավվածությամբ, այնպես էլ՝ տարածաշրջան Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ:

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ԼՂ խաղաղ գործընթացի վերսկսման շուրջ: Այս առնչությամբ նախարար Այվազյանը կարևորել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի կարգավիճակի ճանաչումը:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Ժան-Իվ Լը Դրիանի համատեղ մամուլի ասուլիսը: