կարևոր
1416 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-08 23:01

Վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1126 մարդ. հրադադարը պահպանվում է․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է, մեկ օրում Հայաստանից ԼՂ է վերադարձել 1126 բնակիչ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Վերջին մեկ օրում Հայաստանից իրենց նախկին բնակության վայր է վերադարձել ևս 1126 մարդ: Խաղաղապահ գործողությունների անցկացման ողջ ընթացքում ապահովվել է ավելի քան 36 հազար փախստականի անվտանգ վերադարձը»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Գեներալը հայտնել է, որ հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս սակրավորները շարունակում են պայթուցիկ առարկաներից մաքրել այն տարածքները, որտեղ մարտեր են ընթացել: Կոնաշենկովի խոսքով՝ վերջին մեկ օրում մաքրվել է մոտ 5 հեկտար տարածք, 1,5 կմ երկարությամբ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 444 պայթյունավտանգ առարկա: Ողջ ընթացքում վնասազերծվել է ավելի քան 4500 պայթյունավտանգ առարկա: