«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Մանդատը վայր դնելուց անմիջապես հետո մամուլում շրջանառվում են լուրեր, որ Խաչատրյանը նշանակվելու է Լոռու մարզպետ:
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչատրյանը դեկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել», - այս մասին հայտնում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը::
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է հայտարարության մեջ:
Արամ Խաչատրյանը 2010-2018թթ.-ը Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցի նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ է եղել: 2012-2016թթ.՝ Վանաձորի ավագանու անդամ: 2018թ.-ին՝ եղել է Լոռու մարզպետի տեղակալ: