ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Սիմոնյանը մինչ այժմ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենն էր։ Երեկ՝ դեկտեմբերի 7-ին Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ սեփական դիմումի համաձայն ազատվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից։
Մինչ իշխանափոխությունը՝ Սիմոնյանը աշխատում էր «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տնօրեն:
Արսեն Թորոսյանի՝ նախարար նշանակվելուց հետո Սիմոնյանը նշանակվեց նրա խորհրդականը, այնուհետ՝ նախարարի խորհրդատու: Այս պաշտոնում Սիմոնյանն աշխատել է մոտ երկու ամիս, ապա «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում աշխատել է որպես փոխտնօրեն, այնուհետև աշխատանքի է անցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայում՝ տնօրեն, սակայն ԲԿ-ի տնօրենի հետ ունեցած խնդիրների պատճառով այս պաշտոնը ևս կարճ ժամանակ է զբաղեցրել:
Աշխատել է նաև «Սևանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնում, այնուհետև «Նորք Մարաշի հոգեբուժարանում»՝ փոխտնօրեն, «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ում՝ կրկին փոխտնօրեն: Աշխատել է նաև Առողջապահության ազգային ինստիտուտում։
Վերջին պաշտոնը, որում Սիմոնյանը նշանակվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում ՝ որպես տնօրեն: Նա այս պաշտոնին նշանակվել է 2019թ-ի հունիսից:
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Շավարշ Գրիգորյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից: