կարևոր
2488 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-08 16:00

Հանրային ծառայության մեջ գտնվող անձը ներգրավվել է խաղաղ հավաք իրականացնելուն խոչընդոտելու, սադրանքներ հրահրելու գործընթացի մեջ. փաստաբան

Փաստաբան Արամ Վադևանյանը արձագանքել է Արարատում այսօր քաղաքացիների իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ մարզպետի օգնականի գործողություններին և նշել, որ դատախազությունը պետք է անհապաղ քրեական հետապնդում հարուցի, պարզելու՝ նշյալ անձը, լինելով մարզպետի օգնական, ում ցուցումով և ինչ շրջանակի հետ է համաձայնեցված գործելով որոշել խոչընդոտել խաղաղ հավաքին: Փաստաբանը գրում է. 

«Տեսանյութից ակնհայտ է դառնում, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձը, աշխատանքային ժամին՝ իր պարտականությունների կատարման փոխարեն ակնհայտորեն ներգրավվել է խաղաղ հավաք իրականացնելուն խոչընդոտելու, ինչպես նաև սադրանքներ հրահրելու գործընթացի մեջ։ Փաստացի դա կատարելով հարկատուների գումարից ստացվող աշխատավարձի հաշվին։ Նախ՝ անհասկանալի է ինչպես Ոստիկանության աշխատակիցները ունենալով պարտականություն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի ուժով՝ աջակցելու հավաքի մասնակիցներին՝ վարչական ձերբակալման չեն ենթարկել սույն հանրային ծառայության մեջ գտնվող անձին։ Ավելին՝ կարծում եմ ՀՀ Գլխավոր դատախազը անհապաղ քրեական հետապնդում պետք է հարուցի, պարզելու համար նշյալ անձը լինելով Մարզպետի օգնական ում ցուցումով և ինչ շրջանակի հետ է համաձայնեցված գործելով որոշել խոչընդոտել խաղաղ հավաքին։ Ավելին՝ նույնիսկ առերևույթ խոչընդոտելու փորձ է կատարել ԶԼՄ օրինական աշխատանքին»։