կարևոր
1427 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-08 15:42

Նախընտրում են իրենց թիմին չդավաճանել քան՝ երկրին. Շաղիկ Մարուխյան

Նախընտրում են իրենց թիմին չդավաճանել քան՝ երկրին. Շաղիկ Մարուխյան

Ազգային ժողովում ինձ թվում էր կային պատգամավորներ, որոնք նորմալ մտածող են, պետական գումարներից անկախ իրենց կյանքը դրանից առաջ (ու հետո) կապրեն: Ես իրոք համոզված էի, որ էդ տեսակը կհասկանա ինչ է եղել, կհասկանա, որ սա քաղաքական խաղ չէ, հնի նորի կռիվ չի, այլ` երկիր ենք կորցրել։ Ու իրենք իրենց ԱԺ բերողին հավատարմությունը պիտի Երկրի նժարին դնեն։ Հիմա հասկանում եմ, որ ոչ։ Չեն գիտակցում ինչ ենք կորցրել ու ինչ առաջնահերթ գործ ունեն անելու։ Նախընտրում են իրենց թիմին չդավաճանել քան՝ երկրին։ Դրանք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն են, որոնք ընտրվեցին, այո, շատ լեգիտիմ, Ազգային Ժողովում։ Հիմա՝ մեկը կծիկ է քանդում հավաքում, մտածելով, որ ուրիշներ դա չեն անում (էնքան շատ մարդ է այդ կծիկները հավաքում առանց ֆեյսբուք), դասեր տալիս առաջնայինը երկրորդայինից տարբերելու, ասում են, որ իրենք «քաղաքական մարդ» չեն բայց արագ արագ աղետալի երկրաշարժի պահին հիշում են ո՛ր «հին ու նոր»-ն է եկել Գյումրի ծաղկեպսակ դնելու երկրաշարժի զոհերի հիշատակին… Ձեր գործը այսօր անվստահություն հայտնելն է ձեր սրտի վարչապետին, որ ստորագրեց հայոց պատմության ամենասարսափելի հայտարարությունը։

Ձեր սրտի վարչապետը այլեւս ՉԻ կարող բանակցել Հայաստանի անունից: Իսկ բանակցելը առաջին հերթին մեր գերի ընկած տղաների մասին է։ Փաշինյանը չի՛ կարող ինձ ներկայացնել որպես երկիր։ Ինքը պարտված, ծախված մարդ է։ Հատուկ նախկինը ատողների համար՝ լֆիկը դարձավ օլիգարխից շատ «ընդունելի» գործարար, շմայսը փոխարինվեց շիշ բռնող եղբայրներով, դի-ջեյ վարչապետի գրասենյակը իհարկե ավելի լավն է նախկինից… հիմնադրամի գումարներն էլ «արդար» բաշխվեցին։ Բա ո՞ւր են անարատները։ Էն որ «թալանել են», էն որ «վայ ամեն ինչ վատ էր», էն որ «մեր ծրագրից շեղվել ենք». Լա՞վ եք։ Գերինե‘ր ունենք, անհայտ կորածներ… ֆեյսբուքով եկաք, ծաղրի առարկա վարչապետ բերեցիք, «ազգային վարչապետ». Կլինի՞ էնպես անեք, որ մեր երկիրը վերջին շանսը չկորցնի երկիր մնալու։ Կլինի՞ մեզ չխեղդեք ձեր “հիմա առաջնահերթություններ կան, բա մենք կորոշենք երբ գնանք»-ով, կլինի՞ էնպես գնաք որ իրար բարեւ տանք։ Հների երգը վաղուց է երգվել, 2.5 տարվա թույնը սեւ ու սպիտակի տեղ է հասել։

Կրկնում եմ՝ ես սիրում եմ իմ երկիրը ավելի քան ձեր մաղձն է նախկին տարիների նկատմամբ։ Սա էլ ասեմ՝ մաղձ ունեցողներից շատերը էնքա՜ն շատ լավ են ապրել ու օգտվել «նախկինների» արտոնություններից։ Սիրուն չի, չէ՞։ Բա որ հարցնեն ոնց կառուցեցիք ձեր ամեն ինչը, ի՞նչ եք պատասխանելու. ճակտի քրտինքո՞վ։ Բա արտոնություննե՞րը։ Առայժմ՝ սիրուն չի։ Շարունակելի. եթե դուք շարունակեք։ Որովհետեւ ասելու շատ բան կա։ Բայց նաեւ անելու շատ բան կա։

Շաղիկ Մարուխյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ