Գավառում Գեղարքունիքի մարզպետարանի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով կառավարության հրաժարականը.
«Ականատես եղանք, թե ինչպես են առանց մի փամփուշտ կրակելու տալիս Արցախի տարածքները, տեսանք՝ ինչպես են հայերի շիրիմները պղծվում, եկեղեցիների գլխից խաչերը հանվում։ Այդքանից հետո մեր արժանապատվությունը մեզ այլևս թույլ չի տալիս նման վարչապետ հանդուրժելու»,-այսպես հիմնավորեցին բողոքի ակցիայի մասնակիցները իրենց անհնազանդության ակցիան։
Նրանք հիշեցրին մեր քաջարի զինվորների կանգնելը մինչև վերջ հայրենիքի պաշտպանության համար, մինչև արյան վերջին կաթիլը պայքարելը մեր հողի համար, սակայն մեկ գիշերվա ընթացքում մեկ մարդու մեկ ստորագրությամբ հայրենիքի մեկ երրորդը նվիրվեց թուրիքին՝ մեր դարավոր թշնամուն։
Ցուցարարների պաստառներին «Նիկո՛լ, դավաճան» գրառումներ են։
Նշենք, որ ապակենտրոնացված բողոքի ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունով մեկ, քանի որ Հայրենիքի փրկության շարժումը մինչև այսօր՝ ժամը 12։00-ն Նիկոլ Փաշինյանին ժամանակ էր տվել՝ հրաժարական տալու համար, ժամկետն ավարտվել է, բայց Փաշինյանը հրաժարական չի տվել։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են իրականացվում Գեղարքունիքի, Արարատի, Շիրակի, Արագածոտնի, Լոռիի մի շարք համայնքներում։
Ցուցարարները փակել են նաև Շիրակի մարզպետարանի մուտքերը։
Լոռու մարզում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ է սկսվել։
Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել Երեւանում եւ մարզերում փողոցներ փակած բազմաթիվ քաղաքացիների։
Այսօր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը նույնպես կոչ են արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վայր դնել վարչապետի լիազորությունները։