կարևոր
1631 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-08 11:11

Բուհերի արհմիությունները պահանջում են ԱԺ-ից ետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

Բուհերի արհմիությունները պահանջում են ԱԺ-ից ետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ՀՀ բուհերի արհմիությունների նախագահությունը տարածել է հայտարարություն, որով պահանջվում է ետ կանչել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովից եւ ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հիշյալ օրենքի նախագիծը լրամշակելու համար:

«Սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով՝ հրատապության կարգով քննարկելու եւ ընդունելու առաջարկությամբ:

Խոսքը մի նախագծի մասին է, որը իր կարգավորումներով վտանգի տակ էր դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, բուհական համակարգի աշխատողների (պրոֆեսորադասախոսական, վարչական, ուսումնաօժանդակ եւ տեխնիկան անձնակազմ) ներկայացուցիչների՝ արհմիությունների դերակատարությունը:

Օրենքի հիշյալ նախագծում իսպառ բացակայում է բուհերում գործող արհեստակցական կազմակերպությունների մասնակցությունը բուհերի հոգաբարձուների եւ ակադեմիական խորհուրդներում: Նախագծում ընդհանրապես չի հիշատակվում ռեկտորների կողմից կոլեկտիվ պայմանագիր կնքելու լիազորության մասին, ինչպես նաեւ չի ընդգծվում բուհերում գործող արհմիություններում եւ մասնագիտական միություններում միավորվելու աշխատողների իրավունքը:

Ինչը հավելյալ խթան կհանդիսանա բուհերում գործող արհմիությունների դերակատարության բարձրացմանը՝ նպաստելով բուհական համակարգի աշխատողների աշխատանքային եւ մասնագիտական իրավունքների արդյունավետ պաշտպանության ավելացմանը:

Ավելին՝ վերջին պահին օրենքի նախագծում տեղ է գտել վիճահարույց դրույթ՝ բուհերի ռեկտորների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչեւ 5 տարի ժամկետով նշանակվելու վերաբերյալ, ընդ որում՝ չսահմանելով բուհի ռեկտորի համար սահմանված ոչ մի պահանջ: Փաստացի, նախարարը կարող է մինչեւ հինգ տարի ժամկետով բուհի ռեկտոր նշանակել ցանկացած անձի։ Այս դրույթը իսպառ ոչնչացնում է բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները` դրանով իսկ խախտելով պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ գիտության ոլորտի աշխատակիցների օրինական շահերը:

ՀՀ բուհերի արհմիությունների կողմից թվարկված բոլոր թերությունները մատնանշվել են, ներկայացվել են բազմաթիվ առաջարկներ, ցավոք սրտի բոլորը առաջարկները մնացել են անպատասխան։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

  • հետ կանչել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովից եւ ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հիշյալ օրենքի նախագիծը լրամշակելու համար:
  • Նշված միջոցառումները չձեռնարկելու դեպքում մենք իրավունք ենք վերապահում մեզ ՀՀ օրենսդրությամբ մեզ վերապահված հնարավորությունների շրջանակներում իրականացնել  գործողություններ հիշյալ օրենքի նախագծի ընդունումը կանխելու համար: