կարևոր
1256 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-07 18:13

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրենը պաշտոնից ազատման առիթով ամփոփել է արված աշխատանքները

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրենը պաշտոնից ազատման առիթով ամփոփել է արված աշխատանքները

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը տնօրենի պաշտոնից ազատվելու կապակցությամբ ներկայացրել է մեկուկես տարվա ընթացքում կատարած աշխատանքները: Այս մասին Սիմոնյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում և շնորհակալություն հայտնել կենտրոնի թիմին՝ գիշեր-ցերեկ քրտնաջան աշխատանքի համար:

«Կենտրոնի պրոֆեսիոնալ թիմի գիշեր-ցերեկ քրտնաջան աշխատանքի շնորհիվ մեկուկես տարվա ընթացքում հնարավոր է դարձել իրականացնել մեծամասշտաբ փոփոխություններ: Ձեռք են բերվել հետևյալ սարքավորումները՝ 1986 թվականի խորհրդային արտադրության ռենտգեն սարքը փոխարինվել է 2020 թվականի արտադրության թվային ռենտգեն սարքով, ախտորոշիչ լաբորատորիայի անխտիր բոլոր սարքերը փոխարինվել են 2020 թվականի արտադրության ավտոմատ ախտորոշման սարքերով, ինչը, նվազագույնի հասցնելով մարդկային գործոնը, անհամեմատ բարձրացրել է ախտորոշման ճշգրտությունը: Ձեռք են բերվել նաև վիրահատական սեղան, վիրահատարանի լույսեր, անզգայացման սարք և վիրահատական գործիքներ, թոքերի արհեստական շնչառության սարքեր և պացիենտ մոնիտորներ, շարժական ուլտրաձայնային հետազոտության սարք և այլն»,- հայտնել է Գևորգ Սիմոնյանը:

Նա նաև նշել է, որ պատերազմի ընթացքում կենտրոն այրվածքաբանների շնորհիվ որակյալ մասնագիտական բուժօգնություն է ցուցաբերվել ծանր այրվածքներ ստացած 122 զինծառայողի, կատարվել է 75 բարդ վիրահատական միջամտություն։ Սիմոնյանի խոսքով՝ պատերազմի ընթացքում իրենց ենթակայությամբ գործող շուրջ շտապօգնության 40 մեքենայով կազմակերպվել է սահմանագոտուց վիրավորների տեղափոխման ամբողջական գործընթաց։

Անդրադառնալով կենտրոնի բուժաշխատողների աշխատավարձերին Սիմոնյանը գրել է, որ 2019 թվականի հունիս ամսվա դրությամբ անձնակազմի միջին աշխատավարձը կազմում էր շուրջ 130 հազար ՀՀ դրամ, 2020 թվականի հոկտեմբերի դրությամբ արդեն՝ 240 հազար ՀՀ դրամ:

«2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին դրամարկղի մուտքը միայն լաբորատոր ծառայության գծով կազմել է շուրջ 10 մլն ՀՀ դրամ (2019 նույն ժամանակահատվածում դրամարկղի մուտքը 0 է եղել)»,- ասաց «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ԵԲԸ տնօրենը, ով սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: