Սպիտակի Մեծ երկրաշարժի 32-րդ տարելիցի առթիվ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ծաղկեպսակ դրեց Մեծ երկրաշարժի զոհերի հուշաքարին: Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հուշաքարին ծաղիկներ խոնարհեցին նաեւ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի անդամները, Գեղարքունիքի մարզպետարանի, մարզային եւ քաղաքային ենթակայության կառույցների ներկայացուցիչներ: Ծաղկեդրման արարողությունն ուղեկցվեց տերունական աղոթքով, ապա մասնակիցները Գավառի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում հիշատակի մոմեր վառեցին:
Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը ոգեկոչման խոսքեր հնչեցրեց: « Հերթական անգամ մենք մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված՝ ի հիշատակ Մեծ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի: Այս ամիսներին մենք ձեզ հետ միասին ծանր օրեր ապրեցինք: Մեր երիտասարդ զավակների կորուստը, մեր հայրենիքի որոշ հատվածի կորուստը մեզ համար դառնություն է եւ մեծ վիշտ: Բայց ես ուզում եմ առանձնակի գնահատանքով խոսել, որ այդ օրերին մեր մարզը առավել զգոնության եւ առավել համախմբումի մեջ էր: Ես ուզում եմ հայցել Տիրոջ օրհնությունը, որ զորացնի մեզ բոլորիս, այս օրերին առավել քան երբևէ ես կարծում եմ, որ համազգային մեր կյանքում անհրաժեշտություն կա համախմբումի, սիրո եւ համերաշխության: Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր հանդուրժողականությամբ է պայմանավորված մեր հայրենիքի հզորությունը»,-նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը: