կարևոր
3286 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-07 13:31

ՀՅԴ «Լեռնահայաստան» մարզային կոմիտեն միանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

ՀՅԴ «Լեռնահայաստան» մարզային կոմիտեն միանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

ՀՅԴ «Լեռնահայաստան» մարզային կոմիտեն միանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին և սատարում ցանկացած նախաձեռնության, որի նպատակը Սյունիքի ապահովությունն է և զարգացումը: Այս մասին ՀՅԴ «Լեռնահայաստան» մարզային կոմիտեն հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ սյունեցիներ,

Նոյեմբերի 9-ի պարտվողական, Արցախի և ՀՀ-ի ապագան վտանգող համաձայնագրից հետո ամենատարբեր լսարաններում, մակարդակներում և երկրներում քննարկվում են Սյունիքի ներկայի և ապագայի հետ կապված նախագծեր, գաղափարներ, սահմանային հարցեր:

Քննարկումներն ունեն տարբեր պատվիրատուներ, շահառուներ, նպատակներ, ինչը բնական է՝ հաշվի առնելով, որ Սյունիքը տարածաշրջանում կարևոր աշխարհաքաղաքական գործոն է: Որքան էլ տարօրինակ է, այդ քննարկումներում բացակայում են վարչապետ Ն. Փաշինյանը, իշխանության մյուս ներկայացուցիչները, որոնց դիրքորոշումների բացակայությունը առողջ կասկածանք և մտահոգություն է առաջացնում սյունեցիների մոտ:

Նոյեմբերի 9-ից մինչ այսօր որևէ պաշտոնատար անձ չի արտահայտել իշխանության տեսակետը՝ կապված Սյունիքի սահմանների, ճանապարհների անվտանգության, բնակչության պաշտպանվածության հետ, որը կարող է նշանակել կամ անտարբերություն Սյունիքի ապագայի նկատմամբ, կամ հերթական դավադիր ծրագիր: Տեսնելով իշխանությունների անգործությունը՝ Սյունիքի ընտրյալ համայնքապետերը և ավագանիների անդամները, ցուցաբերելով անհրաժեշտ պատասխանատվություն, իրենք են կազմակերպել Սյունիքի սահմանների պաշտպանությունը, ճանապարհների անվտանգությունը, բնակչության ապահովությունը, և օրեցօր համոզվելով Փաշինյանի կառավարության անկարողության մեջ, պահանջել են Փաշինյանի և Կառավարության հրաժարականը, որպես ՀՀ-ի և Սյունիքի փրկության անհրաժեշտ պայման:

ՀՅԴ «Լեռնահայաստան» մարզային կոմիտեն միանում է Ն.Փաշինյանի հրաժարականի պահանջին և սատարում ցանկացած նախաձեռնության, որի նպատակը Սյունիքի ապահովությունն է և զարգացումը:

Հարգելի՛ սյունեցիներ, այսօր մենք ապրում ենք մեր պատմության ամենավճռորոշ պահերից մեկը, ուստի կոչ ենք անում բոլոր սյունեցիներին, հատկապես ԱԺ-ի սյունեցի պատգամավորներին, պետական պաշտոնյաներին համախմբվել անվտանգ և ապահով Սյունիքի գաղափարի շուրջը, կանգնել Սյունիքի և սյունեցու կողքին, վճռական ոչ ասել Ն. Փաշինյանին և նրա կառավարությանը:

Բոլորս, անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական կողմնորոշումներից, պետք է հստակ գիտակցենք՝ բոլոր կառավարությունները ժամանակավոր և անցողիկ են, հավերժ և մնայուն են հողն ու պետականությունը: Միավորվենք հանուն հողի և պետականության: Մեր միակամությամբ և վճռականությամբ ապացուցենք, որ արժանի հետնորդն ենք Անդոկ Սյունեցու, Դավիթ Բեկի, Գարեգին Նժդեհի և այլ մեծանուն սյունեցիների:

Կեցցե այն Հայաստանը, որը Նիկոլ Փաշինյանից հետո է գալու, կեցցե Սյունիքը, կեցցե արժանապատիվ սյունեցին»: