3142 դիտում, 2020.12.07 12:07

ՍԴՀԿ-ն պահանջում է Փաշինյանի կառավարության հրաժարականը

ՍԴՀԿ-ն պահանջում է Փաշինյանի կառավարության հրաժարականը

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը պահանջում է Փաշինյանի կառավարության հրաժարականը․

«Հայրենակիցներ, խայտառակ կապիտուլացիայից և դրան նախորդած, ինչպես նաև հաջորդած ողբերգական իրադարձությունների արդյունքում մենք կանգնած ենք պետականության կորստի առջև.

Հայրենազրկումը, տասնյակ հազարավոր փոխստականների առկայությունը, մեր տղաների գերի և անհայտ կորած լինելու հանգամանքը, ինչպես նաև ներքաղաքական խայտառակ լարվածությունը ամբողջացնում է այս ողբերգական պատկերը։

Պատմաքաղաքական հրամայական է, որ Հայաստաննն այս ծայրահեղ վիճակին հասցրած կառավարությունը և վարչապետ Փաշինյանը օր առաջ հրաժարական տան։ Ցանկացած օր Փաշինյանի ղեկավարությամբ էլ ավելի է արագացնում մեր պետականության անդունդ գլորվելու գործընթացը, միևնույն ժամանակ հրապարակում հանրահավաք անցկացնող քաղքական ուժերի հռետորաբանությունը էլ ավելի է սրում ներքաղաքական բախումների տանելու կործանարար հնարավորությունը։

Արդ ելնելով ստեղծված իրավիճակից Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պահանջում է.

1. Սահմանադրական ճանապարհով Ն. Փաշինյանի կառավարության հրաժարականը,

2. Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում ժամանակավոր կառավարության ստեղծում, որը կարող աշխատել այն խորհրդարանի հետ, որը դե յուրե և դե ֆակտո այս պահին գոյություն ունի,

3. Սերտ համագործակցելով մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ ԶՈՒ-ն դուրս բերել առկա կոլապսային վիճակից Հայաստանի սահմանների անվտանգության ապահովման համար,

4. Արտաքին անվտանգության և կայունության հասնելով իսկ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-ասված է ՍԴՀԿ հայտարարությունում։