կարևոր
1552 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-07 10:09

Ռուս խաղաղապահների շարժական բժշկական խմբերը սկսել են բուժօգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում

Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռուս խաղաղապահները բազմաֆունկցիոնալ բժշկական խումբ են ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ռազմական բժիշկների արտագնա աշխատանքն ապահովելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը։

Խմբերի կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաեւ հոգեբանական ծառայության մասնագետներ, որոնք իրենց ծառայությունն են մատուցում հեռավոր գյուղերում եւ շրջաններում ապրող բնակչությանը:

Տեղի բնակիչները բժշկական օգնության են դիմում՝ հիմնականում կապված տարբեր քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաեւ սիրտ-անոթային եւ էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման, ատամնաբուժական օգնության տրամադրման հետ:

Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների կազմում աշխատում են 60-ից ավելի բժշկական մասնագետներ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ համաճարակաբաններ:

Նշվում է, որ ավելի վաղ Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումներն Իլ-76 ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով Խաբարովսկ քաղաքից տեղափոխվել էին Երեւան, այնտեղից էլ՝ Ստեփանակերտ: