286 դիտում, 2020.12.05 14:00

Կապանի օդանավակայանի վերագործարկման մշակված սխեմաները չեն նախատեսում Ադրբեջանի օդային տարածքի օգտագործում

Կապանի օդանավակայանի վերագործարկման մշակված սխեմաները չեն նախատեսում Ադրբեջանի օդային տարածքի օգտագործում

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են.

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման ծրագրի շրջանակներում ավարտվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի անմիջական աջակցությամբ «Սյունիք» օդանավակայան» ՍՊ ընկերության կողմից ամբողջությամբ վերանորոգվել է օդանավակայանի վազքուղու և կառամատույցի արհեստական ծածկույթը, կառուցվել է նոր ուղևորային համալիր, տեղադրվել է նոր պարագծային ցանկապատ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

ՀՀ օրենսդրության և միջազգային պահանջներին համաձայն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից իրականացվել է օդանավակայանի աերոդրոմի սերտիֆիկացման գործընթացը, ինչի արդյունքում կոմիտեի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 18-ի N 279-Ա հրամանով աերոդրոմին տրվել է սերտիֆիկատ:

«Սյունիք» օդանավակայանում նախատեսվում է շահագործել մինչև 19 նստատեղով L-410 տիպի օդանավ:
Հարկ է նշել, որ թռիչք/վայրէջքների նոր մշակված սխեմաները չեն նախատեսում Ադրբեջանի օդային տարածքի օգտագործում»: