Ակնհայտ է, որ այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելն ուղղակի սխալ է։ Այս մասին «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մենք տեսանք՝ էյֆորիայի տակ ընտրությունների արդյունքում ինչ ունեցանք և այդ փորձն արդեն ունենալով՝ պետք է հասկանանք, որ ժամանակ է պետք ավելի հանգիստ վիճակում ընտրություններ կազմակերպելու համար։
Որ այս իշխանությունն այլևս լեգիտիմ չէ, որ այս խորհրդարանն այլևս չի արտացոլում ժողովրդի կարծիքը, ևս ակնհայտ է։ Բայց գոնե մեկ տարի ժամանակ է պետք հանգիստ վիճակում, ռացիոնալ դաշտում ընտրություն կատարելու համար։
Ես ողջունում եմ ընդդիմադիր ուժերի այդ որոշումը և կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որն այդ առաքելությունը կարող է կատարել։ Սա պաշտոնի կռիվ չէ։ Ես չեմ նախանձում որևէ մեկին, որն այս մեկ տավա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ։ Չեմ նախանձում որևէ մեկին և առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին։ Սա մի առաքելություն է, որը պետք է կարողանան իրենք պատվով կատարել և կրկնեմ՝ ինքն այն մարդն է, որն իր անցած ճանապարհով հույս է ներշնչում, որ ի վիճակի է դա անել։
Իմ բոլոր կողմնակիցներին ես, ուղղակի օգտվելով առիթից, կոչ եմ անում ակտիվ մասնակցել բոլոր քաղաքական գործընթացներին, որոնք ուղղված են այս իշխանությանը պաշտոնանկ անելուն, բոլոր քաղաքական գործընթացներին։ Եվ իհարկե՝ նաև կոչ եմ անում աջակցել Վազգեն Մանուկյանին այս ծանր առաքելության մեջ՝ և՛ դրան հասնելու համար, և՛ իրականացնելու համար»,-ասաց Քոչարյանը։