2192 դիտում, 2020.12.04 23:14

Վարչապետի հրահանգով կատարված կասկածելի օպերացիայում ջախջախվել են հարավային կորպուսն ու Ստեփանակերտի գունդը. Ռոբերտ Քոչարյան

Վարչապետի հրահանգով կատարված կասկածելի օպերացիայում ջախջախվել են հարավային կորպուսն ու Ստեփանակերտի գունդը. Ռոբերտ Քոչարյան

Այս պատերազմում հնարավոր էր հաղթել, կամ գոնե ավելի բարենապաստ պայմաններով փաստաթուղթ ստորագրել։ Այս մասին «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Առաջին․ Ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ էր, թե ինչ բնույթի պատերազմ ենք ունենալու մենք ապագայում։ Ինչո՞ւ մենք ընդհանրապես պատրաստ չէինք նման պատերազմի, չէ՞ որ այդ ինչպիսինն է լինելուն բոլորի համար ակնհայտ էր։ Հայտարարում էին, թե օդը լիարժեք փակված է․ պարզվեց՝ օդը լիարժեք բաց է ադրբեջանական օդուժի, ԱԹՍ-ների համար։ Հիմա կատարված սխալները, որոնք, ի դեպ, հնչեցվել են նաև զինվորականների կողմից։ Մենք այս երկուսուկես տարում լիարժեք չենք փորձել իսկապես փակել օդը»,- նշեց Քոչարյանը։

Ըստ ՀՀ 2-րդ նախագահի՝ այս ընթացքում հնարավոր էր փակել օդը, օրինակ՝ 120 մլն դոլար պարգևավճարի տեղը այնպիսի համակարգեր գնել, որոնք էֆեկտիվ են անօդաչու սարքերի դեմ՝ ՏՈՌ համակարգերը։

«Երկրորդ և ըստ իս ամենից կոպիտ սխալներից մեկը դա այն փաստն է, որ երրորդ օրը դադարեցրել են համալրումը կանոնավոր բանակի՝ անցում կատարելով ջոկատային համակարգի։ Խայտառակություն էր։ Ես այդ ժամանակ Ղարաբաղում եմ եղել և տեսնում էի, որ ինչ-որ բան այն չէ։ Բայց ես միայն վերջերս իմացա, որ վարչապետի հատուկ որոշում կար դրա համար։

Ես այդ փաստը տեսնում էի։ Գիտե՞ք՝ մենք 1992-94 թթ․ պատերազմը հաղթել ենք հիմնականում այն պատճառով, որ մեկ տարի ավելի շուտ ջոկատներից անցում ենք կատարել կանոնավոր բանակի։ 27 տարի անց ինչպիսի՞ մտածելակերպ պետք է ունենա գերագույն գլխավոր հրամանատարը, որ այդ ամենը շուռ տա և գնա հակառակ ուղղությամբ՝ կանոնավոր բանակից դեպի ջոկատներ։ Մարդ ինչքա՞ն հեռու պետք է լինի բանակից, ընդհանրապես անվտանգության հարցերից, որ այդպիսի հիմարություն թույլ տա իրեն նման ճակատագրական պահին։

Երրորդ․ Ըստ էության, մեր ճակատը հյուսիսում և հարավում չդիմացավ, իրենք մխրճվեցին ուղղակի մեր առաջնագծով և ուղղակի հյուսիսում հաջողվեց կանգնեցնել և նոր բնագիծ կառուցել՝ Մատաղիսի շրջակայքներով, Թարթառ գետի աջափնյա բարձրունքների վրա և հյուսիս՝ դեպի Եղնիկների դիրքերը։ Հարավում ընդամենը 14 կմ-ի վրա մենք չդիմացանք, հենց առաջին օրը հետ քաշվեցինք, երկրորդ օրը այդ 14 կմ-ով ադրբեջանցիք զարգացրին իրենց գրոհը, ճյուղավորվեցին դեպի Ջեբրայիլ, հյուսիս, հետո Հադրութ և այլն և ուղիղ դեպի Խուդաֆերին, Կուբաթլու, Զանգելան, և ամբողջ այդ ընթացքում մենք չկարողացանք նոր բնագիծ ձևավորել։

Հիմա պատճառը՝ ինչո՞ւ․ որովհետև փորձել են մի ռազմական օպերացիա իրականացնել, որը շատ կասկածելի էր այն ժամանակ մի շարք զինվորականների համար։ Դա նույն այն օպերացիան էր, որի մասին վարչապետը հրճվանքով պատմում էր РБК-ի իր հարցազրույցի ժամանակ՝ հոկտեմբրի 7-ին՝ հեսա կորպուրսը շրջապատեցինք, ջախջախեցինք և սա կփոխի ամբողջությամբ։

Այդ օպերացիայի արդյունքում ջախջախվեց հարավում գործող բանակային կորպուսը և Ստեփանակերտի գունդը, ուղղակի ջախջախվեց: Եվ դրանից հետո բավարար մարտունակ ստորաբաժանումներ մենք չունեցանք նոր բնագիծ կառուցելու համար, մինչդեռ մարդիկ ասում էին, որ պետք է հյուսիսի պես այդ ուժերով նոր բնագիծ կառուցել և պահել, պաշտպանվել։ Ընդամենը պետք էր պաշտպանվել տասը օր այդ ճնշումը կանգնեցնելու համար, բայց ընտրեցինք մի ճանապարհ, որը բերեց այդ ուղղությամբ զինված ուժերի ուղղակի ողնաշարի ջարդման»:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ պատերազմում պարտության հանգեցրած բոլոր սխալ որոշումները կայացվել են մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի  կողմից։